Ատլանտյան օվկիանոսի ափին, Կանաչ հրվանդան թերակղզում է գտնվում Սենեգալի մայրաքաղաք Դաքարը: Այնտեղ 2026թ. հոկտեմբերի 31-ից` նոյեմբերի 13-ը, կհամախմբվեն աշխարհի պատանի մարզիկ - մարզուհիները: Դաքարից բացի, երկրի նաև Դիամնիադիո և Սալի քաղաքներում կանցկացվեն պատանեկան ամառային չորրորդ օլիմպիական խաղերը:
Համաշխարհային այդ միջոցառումը առաջին օլիմպիական իրադարձությունն է աֆրիկյան մայրցամաքում: Ստուգատեսը մեծ ոգևորություն է առաջացրել բնակչության շրջանում: Այդ առթիվ Դաքարում անցկացվում է մարզական հնգօրյա փառատոն, որին մասնակցում են հազարավոր մարդիկ: Նպատակն է ծանոթացնել օլիմպիզմի գաղափարներին, իրազեկել ֆիզիկական ակտիվության արժեքների մասին:
ՄՕԿ-ի << Դաքար - 2026 >> -ի համակարգող հանձնաժողովի նախագահ Քիրսթի Քովենթրին նշել է, որ Դաքարը մեծ ոգևորությամբ է նախապատրաստվում երեք տարի հետո անցկացվելիք խաղերին և անհամբերությամբ է սպասում դրա մեկնարկին:
Փառատոնի ծրագիրը մշակել են երիտասարդները, ՄՕԿ –ը, Սենեգալի կառավարությունը և երկրի օլիմպիական կոմիտեն:
Ծրագիրը ներառում է տարբեր մարզական միջոցառումներ, վարպետության դասեր, ներկայացումներ, համերգներ, արվեստի փողոցային ցուցադրություններ, որտեղ գրաֆիտի նկարիչները կստեղծեն օլիմպիական արժեքներին նվիրված որմնանկարներ և այլն: