ՀԱՐԳԵՆՔ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ԽՈՍՔԸ

11:51 - 19 Օգո, 2020

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի անվան Գյումրիի մարզամշակութային կենտրոնում հուլիսին  15 – օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց Հայաստանի հրաձգության հավաքականը։ Հրացանակիր և ատրճանակավար 15 մարզիկ – մարզուհիներ իրենց ընդհանուր մարզավիճակն էին բարելավում  << վազող թիրախ >> մրցաձևում։

Միջազգային կարգի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց, որ նշանառուների դիպուկության և վարպետության աստիճանը կորոշվի սեպտեմբերի 25 -27 –ը կայանալիք Հայաստանի առաջնությունում։ Առաջատարներով կհամալրվի երկրի գլխավոր թիմը, որը   Վիննիցայում կմասնակցի  հոկտեմբերի 17 –ին մեկնարկելիք Ուկրաինայի բաց առաջնությանը։ Մեր երկրից կրակագիծ կելնեն 10 մարզիկ – մարզուհիներ։

Մարզաձևի մասսայականացման վերաբերյալ  հարցին,  Ս․Նիկողոսյանն ասաց, որ ԿԳՄՍ  մասնագիտական մարզադպրոցի պատանեկան  խմբերը  համալրված էին խոստումնալից բազմաթիվ տղաներով և աղջիկներով։ Բայց կորոնավիրուսի հրամայականով հայտարարված կարանտինի հետևանքով նորեկները հիասթափվեցին  ու դադարեցին մարզվել։ Հիմա, երբ արդեն վերսկսվել են պարապմունքները / իհարկե պահպանվում է մարզիկների միջև անհրաժեշտ ֆիզիկական տարածությունը /  հեռացածները կրկին  վերադառնում, համալրում են մարզախմբերը։  Բայց այդքանը բավարար չէ երկրում հրաձգության մասսայականությունը ապահովելու համար։ Անժխտելի է, որ քանակն է ապահվում որակը։ Ասել կուզենք, որ մեր երկրի բոլոր մարզերի ղեկավարները իրավիճակից ելնելով  պետք է գնահատեն  և անհրաժեշտ ուշադրություն դարձնեն մեր մարզաձևին։ Սա չի նշանակում, թե ամենուրեք գերժամանակակից մարզահամալիրներ պետք է կառուցվեն ։ Բայց որ մեզանում  առկա են բազմաթիվ շինություններ, որոնցում կարելի է աննշան ծախսերով ստեղծել պարզ տիպի հրաձգարաններ, ձեռք բերել էժանագին  զենքեր ու փամփուշտներ՝ անժխտելի է։  Բոլորս ենք պարտավոր ապագա զինակոչիկներին, երկսեռ դպրոցականներին ուսուցանել, կրակել սովորեցնել, դարձնել նշանառու։

Երևանում գործող հրաձգության նախկին երկու մարզադպրոցները միավորվել, ընդգրկվել են ԿԳՄՍ –ի համակարգում։ Հուսով ենք, որ մայրաքաղաքը սիրող  քաղաքապետը և  քաղաքապետարանի սպորտի նոր ղեկավար, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը համատեղ  կմտածեն ունենալ, կառուցել,  Երևանին սազական հրաձգության մասնագիտացված մարզադպրոց։  Հիշենք, որ  մարզաձևը մեզանում ռազմավարական նշանակություն  ունի։

 

 

Այլ նորություններ