Ասպետական մարզաձև է համարվում սուսերամարտը։ Մեզանում գործող խմբերում ներկայում անդամագրված է շուրջ 600 մարզիկ – մարզուհի։
Նորագավիթի սուսերամարտի ՕՀ մասնագիտացված մարզադպրոցի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը զրույցի ժամանակ ասաց, որ մարզաձևի խմբեր են գործում Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզօջախներում։ Զգալի տոկոս են կազմում հեռանկարային պատանիներն ու երիտասարդները։
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից դառնալու հույս են ներշնչում երևանցիներ, խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան, Էդվարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը։ Նրանք վարպետության դասեր են ստացել անձնական մարզիչներ, հմուտ մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մադոյանի, Արմեն Նավասարդյանի և անցյալի նշանավոր սուսերակիր, ուսանողների աշխարհի փոխչեմպիոն , ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Ի դեպ, Մայքլը ճկասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի որդին է։ Իսկ խոցասուսերակիրների ընտրանին ղեկավարում է նույն Արմեն Նավասարդյանը։ Նա թեև երիտասարդ է, բայց աշխատանքային որոշակի փորձ ունի։ Ղեկավարել է Քուվեյթի և Իրանի հավաքականները։ Ավելին , նաև Ասիա աշխարհամասի չեմպիոն և մրցանակակիրներ է աճեցրել ու մասնակցել միջազգային դասընթացների։ Անշուշտ, նա շատ բան է սովորել մարզիչ հորից ՝ Ալիկ Նավասարդյանից, ով նախկինում ղեկավարել է Հայաստանի հավաքականը, համամիութենական ու միջազգային մրցաշարերի բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ է ունեցել։ Իսկ անձնական աշակերտներից Արմեն Նավասարդյանը / ոչ իր որդին / Խորհրդային Միության հայաստանցի միակ չեմպիոնն է։
Օլիմպիական վարկանիշային մրցաշարը նախատեսված էր անցկացնել Իսպանիայում, մայիսին։ Բայց այն չի կայացել և հետաձգվել է անորոշ ժամանակով։
Կորոնավիրուսը խոչընդոտել է սուսերակիրների գործը, բայց չի կասեցրել աշխատանքը։ Հավաքականները պարապել են տեղերում, միասնական մարզումներ են անցկացնում Նորագավիթի մարզադպրոցում և համատեղ գործընթացը շարունակվում է։ Պարապմունքները բովանդակալից են։ Պահպանելով պարետի սահմանած կանոնները դԱրտանյանները առանձին , փոքրաքանակ խմբերով, մարզօջախի հրաշալի մարզահամալիրի դահլիճներում և մարզահրապարակում հաճույքով են աշխատում։ Միաժամանակ կարող են զբաղվել ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ մարզաձևերով, վազել 250մ․ շրջագծով մարզադաշտում և այլն։
Հրաշալի պայմանների ստեղծմանը նպաստել են մարզադպրոցի նախկին այն սաները, ովքեր բնակվում են ԱՄՆ –ում։ Ժամանակակից մարզագույքը և հանդերձանքը ձեռք է բերվել հանրապետական ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր վարպետ, գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանի ՝ միջազգային ֆեդերացիայում ունեցած մեծ հարգանքի և հեղինակության շնորհիվ։
Ճիշտ խոսքը կատակով են ասում։ Զրույցի վերջում Ալիկ Նավասարդյանը պարետի հրահանգին համապատասխան հետևյալ ճշմարտությունն ասաց․ << Սուսերամարտիկները տարիներով, շատերը նույնիսկ տասնամյակներով են պահպանում ֆիզիկական հեռավորության, ձեռնոց հագնելու և դիմակ կրելու ասպետական օրենքը։ Կարծում եմ ասպետ են նաև այն հայրենակիցները, ովքեր մտահոգվելով մեր ժողովրդի առողջությամբ, առօրյայում պահպանում են սահմանված կարգը >>։