ԼԱՐՎԱԾ ՈՒ ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

11:17 - 27 Ապր, 2023

Կանցնի ևս երեք  օր և Տաշքենդի  յոթ հազար նստելատեղով << Հումու արենա >>  մարզապալատում տեղի կունենա  տղամարդկանց բռնցքամարտի  աշխարհի 22 –րդ առաջնության հանդիսավոր բացումը: Ներկաները կծափահարեն  հայտավորված 104 երկրների  շուրջ 650 պատվիրակներին:

Մարզասերները կողջունեն նաև բռնցքամարտում հեղինակություն վայելող Հայաստանի կաշվե ձեռնոցի 11 վարպետներին:Նրանք այժմ գտնվում են Ղազախստանի Չիմքենդ քաղաքում և կարճատև ուսումնամարզական համատեղ հավաք են անցկացնում Ղազախստանի, Ֆիլիպիննների, Տաջիկստանի, Հունաստանի և Ավստրալիայի ընտրանիների հետ:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հեռակապով հայտնեց,  որ նախապատրաստական վերջին  աշխատանքներն  են տարվում: Մեկ մարզման ընթացքում մեր ապագա մրցակիցները  իրենց համար անհրաժեշտ վարժանքներ են կատարում: Ընդհանրապես  հայ տղաները հիմնականում  խառը զույգերով ազատ մարտեր են վարում: 

Մերոնք  շեշտը դնում են  հիմնականում տարածության վրա կատարվող բռնցքամարտի նմանակումներին և կոմբինացիոն գործողություններին: Մարզչական խումբը ջանում է  սաներին զերծ պահել հնարավոր վնասվածքներից: Հասկանալի է, թիմը պետք  է մարտական տրամադրությամբ ներկայանա մրցավայր:

Աղամալյանը նաև ասաց, որ հավաքականը ապրիլի 29 –ի առավոտյան, ավտոբուսով կմեկնի ընդամենը 120 կմ հեռավորության  վրա գտնվող Տաշքենդ:

Ռինգ կելնեն Բարեղամ Հարությունյանը / 48 կգ /, Ռուդոլֆ Գարբոյանը / 51 կգ /, Ռուսլան Ասլիկյանը / 54 կգ /, Արթուր Բազեյանը / 57 կգ /, Արթուր Ղազարյանը / 60 կգ /, Հովհաննես Բաչկովը / 63, 5 կգ /, Գուրգեն Մադոյանը / 67 կգ /, Համբարձում Հակոբյանը / 80 կգ /, Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /, Նարեկ Մանասյանը / 92 կգ / և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Ներկայացված կազմում  << բաց են  >> 71 կգ և 75 կգ քաշայինները . . .  չկան պահանջվող վարպետություն ունեցող մարզիկներ:

Երկու ռինգերի վրա մենամարտերը կսկսվեն մայիսի մեկին,  իսկ եզրափակիչները  տեղի կունենան  մայիսի 14 –ին:

Սպասվում է լարված ու դիտարժան պայքար:

Այլ նորություններ