Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով` զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջին խաղարկությունից հետո հայ մարզիկները 50 տոկոսով կբարձրացնեն վարկանիշային միավորները:
«Դահուկասահքի զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջին խաղարկության մրցումային առաջին օրվա արդյունքներից հետո Հայաստանի հավաքականի անդամները կարող են բարձրացնել վարկանիշային միավորները մոտ 50 տոկոսով: Հայաստանում մրցաշարեր անցկացնելով փորձ է արվում լուծելու մի քանի խնդիր` թե որպես մարզական կառույց, թե որպես միջազգային ֆեդերացիա, և հատկապես այս ամենը կարևոր է մարզիկների համար: Մենք պլանավորում ենք նաև, որ հաջորդիվ մրցաշարեր կանցկացնենք նաև Ծաղկաձորի քաղաքային մարզադաշտում: Ֆեդերացիային հաջողվել է հավաստագիր ստանալ` մարզադաշտում միջազգային վարկանիշային մրցաշարեր անցկացնելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկության մրցումային առաջին օրն ազատ ոճում հաղթեցին Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Կատյա Գալուստյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին