ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

11:54 - 25 Մայ, 2020

Մի կողմից կորոնավիրուսը, մյուս կողմից ՝  մարզիկների ընդհանուր  վիճակը,  մտահոգում են բռնցքամարտի  մասնագետներին։ Նրանք անգործության չեն  մատնվում։ Օրինակ, ՀՀ հավաքականի մարզչական խորհուրդը տեղերում պարապողներին ժամանակ առ ժամանակ մեկտեղում է։ Հերթական հանդիպումը կայացել է  Աբովյան քաղաքի մարզահամալիրում։

Այստեղ նրանց  ջերմաչափել է  հավաքականի   փորձառու բժիշկ, կաշվե ձեռնոցի անցյալի նշանավոր վարպետ Համլետ Բեգոյանը։

Բացօթյա նախավարժանքով ու կրոսավազքով է  սկսվել պարապմունքը , որի ընթացքում պահպանվել է  անհրաժեշտ տարածությունը։

Տղաները փոքրաթիվ խմբերով  են   դահլիճ  մտել  ու միմյանցից հեռավորություն պահպանելու նպատակով պարապել են  տարբեր անկյուններում՝ մասնագիտական մարզոցների հետ։

Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը գոհ է եղել  կատարած աշխատանքից։ Նա մարզիկներին և անձնական մարզիչներին խնդրել է, վարակից խուսափելու համար, տեղերում մարզումներն անցկացնել բացօթյա պայմաններում , մանավանդ , որ դրան կնպաստի արդեն ջերմացնող  եղանակը։ Մարզվողները  երկրի տարբեր մարզերի առաջատար վարպետներն էին։

Այս ձևաչափով  հանդիպումները կշարունակվեն։  

 

 

Այլ նորություններ