Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հունվարի 14-ին կմեկնարկեն «Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարում:
«Թախթիի Գավաթ»-ին այս տարի Հայաստանը կներկայացնեն 9 ըմբիշ` Գոռ Գրիգորյան, Հմայակ Աղաջանյան (57 կգ), Արտակ Հովհաննիսյան, Աշոտ Վելիցյան (61 կգ), Արթուր Բաղդասարյան, Նարեկ Սիրունյան, Արթուր Մուրադյան (65 կգ), Պողոս Թադևոսյան (70 կգ) և Սուրեն Խաչատրյան (74 կգ): Ըմբիշների հետ մրցատեղի են մեկնել մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը, Արմեն Մալխասյանը, Գառնիկ Շահնազարյանը: Հիմնականում երիտասարդ ըմբիշներ են, որոնց համար աչքի ընկնելու մեծ հնարավորություն է ստեղծվել: Այն ըմբիշները, ովքեր լավ հանդես կգան միջազգային այս մրցաշարում, կմիանան Ուկրաինա հավաքի մեկնող հավաքականին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարում հունվարի 14-ին մրցագորգ դուրս կգան 57 կգ, 61 կգ, 97 կգ և 125կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
ՀԱՕԿ լրատվության բաժին