ՀՀ նախագահը և ՀԱՕԿ նախագահը պարգևատրեցին Հայաստանի լավագույն մարզիկներին

21:10 - 28 Դեկ, 2015

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեցին 2015 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին և պարգևներ հանձնեցին մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Մինչ պարգևատրման արարողությունը ներկաները դիտեցին մրցաշրջան 2015-ի և ՀԱՕԿ գործունեության մասին պատմող ամփոփ ֆիլմ: Այնուհետև Հայաստանի 10 լավագույն մարզիկները ՀԱՕԿ նախագահի կողմից ստացան ավտոմեքենաներ, ինչպես նաև պարգևատրվեցին առաջին Եվրոպական խաղերի մասնակիցներ` ըմբիշներ Ռոման Ամոյանը, Մաքսիմ Մանուկյանը և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը: Հայաստանի լավագույն մարզիկների կողմից ՀԱՕԿ նախագահը ստացավ հուշանվեր: 

ՀԱՕԿ նախագահը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պարգևներով պարգևատրեց`

ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի»  մեդալով` Արամ Մարգարյանը (2002 թվականի աշխարհի չեմպիոն, ըմբշամարտ), Անուշավան Սահակյանը (1994 թվականի Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ):

ՀԱՕԿ-ի «Տրդատ 3-րդ»  մեդալով`Խաչիկ Ասրյանը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ):

ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան»  մեդալով`Սամվել Աբրահամյանը (Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ):

ՀԱՕԿ-ի «Ալբերտ Ազարյան»  մեդալով` Հրանտ Ենոքյանը (Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ):

ՀԱՕԿ-ի «Վլադիմիր Ենգիբարյան»  մեդալով` Վազգեն Բադալյանը (Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ), Կարեն Աղամալյանը (Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ):

«Շնորհավորում եմ ձեզ 2015 թվականին ձեր ձեռքբերումների համար:  Անկողծ ասած, ես ձեզնից ուժ եմ առնում: Շատ շատերը և ես կարևորում ենք սպորտը: Մեր ուժեղագույն մարզիկները մեզ ավելի ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհում: Կարծում եմ փոքր ժողովուրդների համար շատ ավելի կարևոր է ունենալ աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն: Ուզում եմ, որ բոլորս միասին, ցանկանանք, որ հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում մեր մարզիկներից գոնե մեկ երկուսն արժանանան ոսկե մեդալների »,-ասաց նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահն անձամբ վաստակավոր մարզչի կոչում շնորհեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին, ըմբշամարտի պետական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Մարտին Ալիխանյանին: Սպորտի ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում շնորհեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոցի տնօրենի տեղակալ Վարդան Թովմասյանին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի պետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սարգսյանին:

 ՀՀ նախագահը հուշանվեր ստացավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից: 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ