Ես, իսկապես, իմ պետության և մեր մարզաշխարհի համար հպարտություն էի զգում. Գագիկ Ծառուկյան

20:30 - 28 Դեկ, 2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ ողջունեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկներին:  Եվ դիմելով ներկաներին մասնավորապես ասաց.

«Մեծարգո պարոն Նախագահ, սիրելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Ամեն տարի մենք հավաքվում ենք տոնական սեղանի շուրջ` միմյանց շնորհավորելու ու նաև մի հայացք գցելու անցնող տարում մեր ձեռքբերումների, արածների ու նաև չարածների վրա: Տարին և հետաքրքիր էր և բարդ: Մենք պատվով մասնակցեցինք Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերին, և այդ քայլով մեր կշիռը և մեր հեղինակությունը համաշխարհային օլիմպիական ընտանիքում է’լ ավելի բարձրացավ:

Այս տարի Երևանում բացվեց օլիմպիական նոր ավանը, որն իր կարողություններով ու լուծումներով չի զիջում աշխարհի առաջատար երկրների նմանատիպ կառույցներին: Սա ոչ միայն այսօրվան, այլև ապագային ուղղված ծրագիր էր: Սա սերունդների համար է, սա ներդրում է ապագայի մեջ: Ես, իսկապես, իմ պետության և մեր մարզաշխարհի համար անկեղծ հպարտություն էի զգում, երբ մեր երկիր ժամանած ու կյանքում ամեն ինչ տեսած բարձրաստիճան հյուրերը զարմանքով ու հիացմունքով էին շրջում մեր օլիմպիական ավանով:

Այս տարի Երևանում կազմակերպվեցին խոշոր մարզական միջազգային կոնֆերանսներ, ստորագրվեցին համագործակցության նոր հուշագրեր: Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է` մեր մարզաշխարհը պետք է անընդհատ շփվի, սերտ կապեր ունենա այլ երկրների հետ, և բոլոր մարզչական, գիտական, բժշկական բոլոր նոր ձեռքբերումները պետք է արագ գան Հայաստան: Մենք ունենք և’ սովորելու, և’ սովորեցնելու շատ բան: Ես հեռու եմ այն մտքից, որ մենք չունենք խնդիրներ ու անելիքներ: Ես այն մարդը չեմ, որ աչք փակեմ դրանց վրա: Ինձ համար ավելի հեշտ է` ասել, որ կա պրոբլեմ ու գտնել դրա լուծումը` ինչքան էլ դա դժվար լինի, քան` աչք փակել, չտեսնելու տալ: Ես խնդիր եմ դրել` մարզերում տաղանդավոր երեխաների, պատանիների հայտնաբերման, նրանց զարգացման համար պայմաններ ստեղծելը: Մենք ունենք շատ տաղանդավոր սերունդ, բայց որպեսզի այն զարգանա, արդյունքի հասնի, մենք պետք է շատ աշխատենք, ստեղծենք պայմաններ: Պետության և օլիմպիական կոմիտեի համատեղ ջանքերով ամեն ինչ անելու ենք լավ մարզադպրոցներ, լավ պայմաններ ունենալու համար: Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հեղինակավոր ու փորձառու մարզիչներին: Ձեր աշխատանքը անգնահատելի է: Դուք իսկապես պատմություն եք ստեղծում: Ես կոչ եմ անում երիտասարդ մասնագետներին` անընդհատ սովորել, կատարելագործվել, երբեք չբավարարվել ձեռք բերածով: Ես իմ կողմից խոստանում ստեղծել բոլոր հնարավորությունները: Մնացածը կախված է ձեզնից: Ես հատուկ չեմ խոսում եկող տարի կայանալիք օլիմպիական խաղերի մասին: Դա լուրջ, ծանր աշխատանքի թեմա է: Մարզիկներին, մարզիչներին ու ինձ ծանր աշխատանք է սպասում: Դրա համար պետք է շատ գործ անել ու քիչ խոսել: Իսկ այսօր թույլ տվեք շնորհավորել բոլորիդ գալիք նոր տարին: Մաղթում եմ, որ այն մեր երկրի համար լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի»,-ասաց ՀԱՕԿ նախագահը: 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ