ՁԵ ' Զ ՏԵՍՆԵՆՔ, ՀԱՅՈՑ ՄԱՐԶԻԿՆԵՐ

14:29 - 09 Ապր, 2020

Դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային սպորտը, ներառյալ ՝ հայաստանյանը։ Բայց մարզաշխարհը չի  հուսահատվել, անգործության չի մատնվել։ Սա լավ է։

Տեղյակ  ենք, որ մեզանում մասնագիտական պարապմունքներ,   նույնիսկ տանն են անցկացնում իրենց մարզաձևը սիրող տղաներն ու աղջիկները։ Նշանակում է, ունենք առաջատար վարպետներ և արժանի հերթափոխ։

Ստեղծված իրավիճակը բազում հուշեր է արթնացրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին չափազանց անմխիթար վիճակում էինք հայտնվել մենք ՝  մարզիկներս։ Երկիրը չուներ կարգին մարզադահլիճներ, մարզոցներ, մասնագիտական գույք, հանդերձանք և այլ պարագաներ։ Տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, նրանց թվում ՝ մենք մարմնամարզիկներս, պարապում և մրցում էինք բացօթյա ասպարեզներում․  հանրապետական սռադիոնում, սպորտկոմիտեի բակում, << Դինամոյի >> , << Սպարտակի >> հարակից տարածքներում և այլուր։

1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղեր մեկնելիս, ավելի քան մեկ ամիս պարապում էինք ԽՍՀՄ պատվիրակությանը Ավստրալիա տանող նավում։ Կարելի է պատկերացնել մեր վիճակը։ Բայց կարողացանք հաղթահարել դժվարությունները։ Հայաստանի ներկայացուցիչներս ՝  բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովը և ես, դեռևս նավագնացության օրերին հաճախ էինք միմյանց ականջին փսփսում, որ պետք է անել անհնարինը,   նույնիսկ կյանքի գնով  կարողանանք հաղթել։

Պարտավորվեցինք   տեղում, մարզվելու ընթացքում,  բարելավել մեր վարպետությունը, շտկել թերությունները, որպեսզի արժանանաք դառը ճակատագիր, բայց ՝ մեծ գործերով հայտնի, տաղանդավոր ու բանիմաց մեր ժողովրդի հարգանքին։

Եվ կարողացանք  հաղթել ու պարզճակատ վերադառնալ տուն։

Նախանձելի վիճակում չեն նաև մերօրյա մարզիկները։ Սակայն չեմ կասկածում նրանց համարձակությանը և տոկունությանը։ Նրանք մեր արժանապատիվ հետնորդներն են, անկախության սերունդը և համոզված եմ, որ նպատակային աշխատանքի շնորհիվ կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները, կմեկնեն օլիմպիական խաղեր և չեմպիոնական տրամադրությամբ կներկայանան մայր Հայաստանին ու մեր աննկուն ժողովրդին։

Ձե ' զ տեսնենք, հայոց մարզիկներ։

 

ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ,

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն

 

Այլ նորություններ