Անցնող տարին լի էր մարզական վերելքներով և անկումներով, լեցուն էր արդարացված սպասելիքներով և չարդարացվածներով: Նախաօլիմպիական տարում Հայաստանը ներկայացնող մարզիկները աչքի ընկան թե երիտասարդական և թե մեծահասակների առաջնություններում: Ձեզ ենք ներկայացնում անցած 12 ամիսների ընթացքում մեր մարզիկների ձեռքբերումները և մարզական կյանքում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարտի 10-ին գործկոմի նիստում որոշում ընդունեց մասնակցել առաջին Եվրոպական խաղերին, որը պետք է կայանար Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Հրաձգության Հայաստանի հավաքականի հեռանկարային մարզիկներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը, դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ազատ ոճային ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 61 կգ քաշային Վալոդիա Ֆրանգուլյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչը՝ Կարապետ Չալյանը, դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Սարգիս Քոչարյանը` արծաթե մեդալակիր:
Սամբիստ Աշոտ Դանիելյանը Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ գավաթակիր:
Ապրիլին Հայաստանում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր:
Մարմնամարզիկները Քաթարում կայացած աշխարհի գավաթում նվաճեցին երեք մեդալ: Նժույգթափեր վարժությունում հաղթող է դարձել Հարություն Մերդինյանը, երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արթուր Դավթյանը: Օղակների վարժությունում արծաթե մեդալի է արժանացել Արթուր Թովմասյանը:
Թաեքվոնդոիստ Արման Երեմյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:
Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Թբիլիսիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սմբատ Մարգարյանը (56 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում 15.333 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի:
Հայ սամբիստները 5 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր:
Վրոցլավում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներայացնող Անդրանիկ Կարապետյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվեցին Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացավ 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն՝ ընդհանուր առմամբ 25 մարզիկ:
Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրետչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք) Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում հավաքելով 15.500 միավոր` դարձավ Խաղերի չեմպիոն:
Օգոստոսին կայացան Համահայկական 6-րդ ամառային խաղերը:
Հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը նվաճեց արծաթե մեդալ:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ 56 կգ քաշային Արամ Ավագյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչ 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Սեպտեմբերին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անպարտելի էր ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում անցկացվող ուժեղագույն մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` դարձավ մրցաշարի հաղթող:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի մասնակցությամբ շահագործման հանձնվեց ՀԱՕԿ-ի «Օլիմպավան»-ը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տոնեց հիմնադրման 25-ամյակը: Հատուկ այդ կապակցությամբ Հայաստան էին ժամանել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիաների նախագահ շեյխ Ահմեդ Ալ Սաբահն ու Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:
Սեպտեմբերի 30-ին Հայաստան ժամանեց լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:
Նոյեմբերն իր հետ բերեց հայկական մարմնամարզության համար այդքան սպասված մեդալն՝ աշխարհի առաջնությունից: Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներն առանձին վարժություններում նվաճեցին 3 բրոնզե մեդալ և Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր, իսկ կանայք՝ 2 ուղեգիր:
Դեկտեմբերին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկ ճանաչեց Արթուր Ալեքսանյանին: Գյումրեցի մարզիկն արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը Հայաստանում:
2015 թվականին կյանքին հրաժեշտ տվեցին հայկական սպորտի մի շարք կարկառուն դեմքեր: 85 տարեկանում մահացավ «Արարատ 73»-ի լեգենդար մարզիչ Հարություն Քեհեյանը: Ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը: Եվ անցնող տարում ծանր հիվանդությունից մահացավ «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին