Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2015 թվականը:
-Իհարկե տարին շատ հագեցած էր: Ունեինք երեք կարևորագույն միջոցառում՝ Եվրոպական խաղերը Բաքվում, ՀԱՕԿ-ի 25-ամյակը և մարզաշխարհի համար կարևոր «Օլիմպավան»-ի բացումը: Կյանքը ցույց տվեց, որ Բաքվի խաղերին մեր մասնակցությունը շատ տեղին էր: Այդ խաղերը մեր երկրի հեղինակությունը բարձրացրեցին ավելի բարձր մակարդակի: ՀԱՕԿ-ը, ՄՕԿ և ԵՕԿ-ի կարևորագույն անդամներից մեկն է: ՀԱՕԿ-ի 25-ամյակի ժամանակ բոլորս տեսանք, թե ինչ պատկառելի մարդիկ էին հավաքվել: Այս ամենը խոսում է ՀԱՕԿ-ի կշռի բարձրացման մասին: «Օլիմպավան»-ը պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված ավան է: Այն վերջնական շահագործման կհանձնվի 2016 թվականի հունիս ամսին:
-Ինչպե՞ս եք գնահատում մրցաշրջան 2015-ը և գո՞հ եք, արդյոք արդյունքներից:
-Միանշանակ ասել, թե գոհ ենք՝ իրական չի լինի: Բայց եղան պահեր, ինչպես օրինակ մարմնամարզությունում, որտեղ մեզ համար սպասելի արդյունքներ գրանցեցինք: ՀԱՕԿ-ն այս տարվան նայում է երկու ուղղությամբ՝ առաջինը՝ օլիմպիական վարկանիշ ձեռքբերելն էր, և մենք հիմա ունենք 11 վարկանիշ, բայց հաջորդ տարի ևս 15 վարկանիշի ակնկալիքներ ունենք: Եթե ունենաք 25-26 վարկանիշ, այդ ժամանակ գոհ կլինենք:
-Պարոն Ռոստոմյան, ասել եք, որ այլևս «սպիտակ քարտերից» չենք օգտվելու: Կլինի՞ արդյոք Ռիոյում «սպիատկ քարտ»:
-Ես հիմա էլ եմ այդ մտքին հակված, որ սպիտակ քարտերից չօգտվենք: Սակայն կա գործկոմ, որի նիստի ժամանակ կքննարկվի այդ հարցը: Եթե մարզիկն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չի կարողանում վարկանիշ ձեռք բերել, ապա Օլիմպիական խաղերին կմասնակցի Կուբերտենի կարգախոսով՝ կարևորը մասնակցությունն է: Եթե այդ ամենը վերաբերեր ձմեռային Օլիմպիական խաղերին, ապա մենք կօգտվեինք սպիտակ քարտերից:
-2016-ը օլիմպիական տարի է, նախապատրաստական ի՞նչ փուլ եք անցնելու:
-Նախապատրաստական առումով երկու ուղղությամբ ենք աշխատում: Այն մարզիկները, ովքեր արդեն ուղեգիր են նվաճել, բնականաբար, նրանց համար այլ ծրագիր ունենք, իսկ նրանք, ովքեր դեռ չունեն վարկանիշ, կաշխատեն այլ ծրագրով: Բոլոր մարզաձևերի հետ առանձին ենք աշխատում: Հանդիպել եմ մարմնամարզության և ծանրամարտի ֆեդերացիաների հետ: Քննարկել ենք «Ճանապարհ դեպի Ռիո» ծրագիրը: Մարմնամարզության ֆեդերացիայի ֆինանսները քիչ են և ՀԱՕԿ-ը՝ նախագահի գլխավորությամբ, իր վրա է վերցրել ծախսերը: Վերջին ուսումնամարզական հավաքը այդ ֆեդերացիանները կանցկանցնեն Ռիոյում:
-Ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո մենք հասկացանք, որ բավականին հզոր հակառակորդներ ունենք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Անակնկալ չէ, որ ունենք հզոր մրցակիցներ: Այն երկրները, որոնք միշտ «տոն են տվել» ծանրամարտում, շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Ի ուրախություն մեզ, մեր երիտասարդները ցույց տվեցին, որ ունակ են բարձր պահել Հայաստանի պատիվը: Պետք չէ մոռանալ, որ մեր մարզիչների առջև դրված է եղել մի խնդիր՝ հնարավորինս շատ վարկանիշ ձեռք բերել: Երբ Տիգրան Մարտիրոսյանի չնախատեսված 0-ն եղավ, պետք էր զգուշությամբ մոտենալ և ռիսկի չդիմել: Եթե չլիներ Տիգրանի զրոն, ապա մենք ավելի ապահովված կլինեինք: Բայց նրանք ցույց տվեցինք, որ եթե աշխարհի առաջնությունում զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը, ապա կարող են Օլիմպիական խաղերում պայքարել մեդալների համար:
-Խոսեցիք ծանրամարտից, քննարկե՞լ եք արդեն, թե ովքեր են լինելու մասնակիցները:
-Սա սպորտ է, և հաստատ անուներ չենք կարող տալ, մասնավորապես ծանրամարտում: Ցանկը հետևյալն է՝ այն ծանրորդները,ովքեր մասնակցել են աշխարհի առաջնությանը և նրանց կմիանա Աղասի Աղասյանը, Սմբատ Մարգարյանը: Իսկ կանանց մոտ` Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը և Իզաբելլա Յայլյանը: Հիմնականում հենց այս թիմն է նախապատրաստվելու: Իմ կարծիքով` Սոնա Պողոսյանը 2020 թվականին բավականին լուրջ արդյունքներ է գրանցելու: Այդ պահին, ով լավագույն մարզավիճակում կլինի, նա էլ կմեկնի Խաղերին:
-Ամփոփելով մարզական տարին` ո՞րն եք համարում տարվա հիասթափությունը:
-Հիասթափությունը վատ բառ է: ՀԱՕԿ-ում այդ բառը չկա: Սպասելիքներ կային մի քանի մարզաձևերից, սակայն չարդարացան: Մասնավորապես՝ բռնցքամարտը: Սակայն ես վսհատ եմ՝ բռնցքամարտը դեռ իր ներուժը ցույց կտա: Նշեմ, որ նրանց համար դժվար է լինելու 2016 թվականին վարկանիշ ձեռք բերելը: Մի մրցաշարը Բաքվում է՝ «մեր սիրելի Բաքվում», իսկ մյուսը՝ Ստամբուլում: Մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրանց: Իմ ներքին համոզմամբ՝ Կարեն Աղամալյանը կկարողանա վարկանիշ բերել: Ճիշտ որոշում էր ֆեդերացիայի կողմից նրան՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը:
-2015 հարուստ էր համագործակցության առումով: Թե' Դուք, թե' ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համագործակցության նոր կապեր եք հաստատել: Խնդրում եմ բացել չակերտները:
-Բացի ԱՊՀ երկրներից, այս տարի սկսել ենք համագործակցել նաև եվրոպական երկու երկրի հետ՝ Իտալիա և Ֆրանսիա: Վստահ եմ, մոտ ապագայում այն իր արդյունքները կտա: Նրանք համատեղ հավաքներ կանցկանցնեն:
-Հայտնի դարձան Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Ինչո՞ւ նրանց շարքում չկային Հենրիխ Մխիթրայանը և Լևոն Արոնյանը:
-Լավագույն 10-ը որոշել են մարզական լրագրողները, և ես հարգում եմ այդ որոշումը: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես համամիտ եմ այդ 10-ի հետ: Հենրիխ Մխիթարյանը և Լևոն Արոնյանը մեծ մարզիկներ են, բայց լավագույն 10-ը որոշելը տարվա մարզական հաջողությունների ամփոփումն է: Չեք կարող ինձ համոզել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ֆանտաստիկ հաջողություններ է ունեցել այս տարի: Հենրիխ Մխիթարյանը լավ ֆուտբոլ է խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ում, նա բարձր է պահում «Բորուսիա»-ի մարզական պատիվը: Եթե լիներ հանդիսատեսի համակրանք մրցանակը, ապա ես ինքս կքվեարկեի: Պետք չէ ամեն տարի այս հարցը դարձնել լայն քննարկման թեմա:
-Արդյո՞ք Հարություն Մերդինյանն արժանի չէր ավելի բարձր հորիզոնականի:
-Իհարկե, Հարություն Մերդինյանը մեծ բան արեց մեր երկրի համար: Եթե Միհրան Հարությունյանն այդ մեդալը նվաճեր Սերբիայում կամ այլ երկրում, ապա նա 10-ի մեջ պետք է լիներ այլ հորիզոնականում, բայց մի մոռացեք, թե նա որտեղ է այդ մեդալը նվաճել: Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը ոչ պակաս արդյունք է գրանցել, քան աշխարհի չեմպիոնը:
ՀԱՕԿ լրատվության բաժին