Բելգրադում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից վերջինը գոտեմարտեց օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, անվանի Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:
Ոսկե մեդալի համար եզրափակիչ փուլում գյումրեցին մրցեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլոյի հետ:
Գոտեմարտի ավարտին հաշվված վայրկյաններ էին մնում և թվում էր, թե հաշվի մեջ առջևից ընթացող / 3 : 1 / Ալեքսանյանը հինգերորդ անգամ կնվաճի ուժեղագույնի կոչումը: Այդ միջոցին մեր պատվիրակը ընդամենը ակնթարթներ թուլացրեց զգոնությունը և դրանից օգտվելով՝ մրցակիցը երկու միավորանոց հնարք կատարեց, հավասարեցրեց հաշիվը ու մրցակարգի թելադրանքով հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ մեր վարպետը բավարարվեց << արծաթով >>:
Բրոնզե մեդալով հայրենիք վերադարձավ Մալխաս Ամոյանը / 77 կգ /: Մրցանակակիրները և Սլավիկ Գալստյանը / 67 կգ / արժանացան Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի:
Թիմային պայքարում գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի սաները ճանաչվեցին հինգերորդը: