ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՇԱՐԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

16:27 - 09 Նոյ, 2023

Սամբոյի 2023թ. աշխարհի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել  Եգիպտոսում: Սակայն այդ երկրի  ազգային ֆեդերացիան, որոշ հանգամանքների պատճառով,  հետ էր  վերցրել իր հայտը։ Արդյունքում  FIAS- ի  գործկոմի անդամները  ընդունել են  Հայաստանի թեկնածությունը։  Այս հարցում հաշվի է առնվել անցած հոկտեմբերին Երևանում կայացած մարզաձևի աշխարհի երիտասարդական առաջնության հաջող կազմակերպումը:  

Հայոց մայրաքաղաքում   վաղը ՝ նոյեմբերի 10 –ին, կմեկնարկի FIAS-ի օրացույցի գլխավոր մրցաշարը՝ աշխարհի հերթական առաջնությունը:  Մրցագորգ կելնեն մոլորակի ուժեղագույն սամբիստները, որոնք  պայքարի կբռնվեն խաղարկվելիք մեդալների համար:  Մրցաշարին կմասնակցեն 65 երկրների թիմեր:  

Կասկածից վեր է, որ մրցումները կանցնեն հետաքրքիր, դիտարժան պայքարում: Միջոցառումն առանձնահատուկ է նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում  սամբոն նշում է իր  85-ամյակը:  

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր ասպարեզի  մրցագորգերի վրա իրենց վարպետությունը կցուցադրեն երկսեռ հեղինակավոր վարպետները:  Նրանք կներկայացնեն 21 քաշային կարգեր:

Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով. դասական սամբո՝ 58 կգ` Տիգրան Կիրակոսյան, 64 կգ` Նարեկ Դալլաքյան , 71 կգ` Արամ Աղաջանյան, 79 կգ` Բորիս Շատվերյան, 88 կգ` Վահագն Չալյան, 98 կգ` Արսեն Խանջյան, գերծանր քաշային կարգ` Հակոբ Առաքելյան:

Մարտական սամբո. 58 կգ` Մխիթար Մխիթարյան, 64 կգ` Վահրամ Գրիգորյան,71 կգ` Վաչիկ Վարդանյան, 79 կգ` Սարգիս Վարդանյան, 88 կգ` Ավետիք Պողոսյան, 98 կգ` Արման Ավանիսյան:

Կանայք. 50 կգ` Արփինե Մնացականյան, 54 կգ` Վարսիկ Գրիգորյան, 59 կգ` Մելինե Մամիկոնյան, 72 կգ` Մարինա Մարտիրոսյան, 80 կգ` Նելլի Ավետիսյան, գերծանր քաշային կարգ` Աննա Մկրտչյան:

Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 12 –ին:

Այլ նորություններ