ԽԱՂԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԻԶԲԸ

12:17 - 16 Ապր, 2024

Հին Օլիմպիայում այսօր տեղի կունենա տարվա գլխավոր մարզահանդեսի՝ Փարիզի օլիմպիական ամառային խաղերի կրակի վառման արարողությունը:

Միջոցառումը բաց կլինի հանրության համար: Մինչդեռ  Covid-19 համաճարակի պատճառով <<  Տոկիո – 2020 >>  ամառային  և << Պեկին - 2022 >>  ձմեռային խաղերի ջահերը վառվեցին առանց հանդիսականի:

Սպասվում է շուրջ  600 բարձրաստիճան պաշտոնյաների ներկայություն: Նրանց թվում՝ Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, ՄՕԿ-ի առաջնորդ  Թոմաս Բախը, << Փարիզ-2024 >> կազմկոմիտեի նախաահ Թոնի Էստանգեն և  այլ պաշտոնատար անձինք:

Արարողության կազմակերպիչները հավաստիացրել են, որ եղանակը  բարենպաստ է լինելու, իսկ տեխնիկական բոլոր հարցերը լուծված են:

Այս անգամ միջոցառումը փոքր ինչ  փոփոխված է:  Ընտրվել է նոր գլխավոր քրմուհի, որին մարմնավորելու է հույն դերասանուհի Մերի Մինը: Փոփոխություն է կրել նաև  քրմուհիների հագուստի դիզայնը: Ի տարբերություն նախկին ՝ սպիտակի ու կապույտի, այժմ  այն կլինի սև ու սպիտակ: Հանդիսությանը  կմասնակցեն 35 քրմուհիներ և 15 պատանիներ:

Գլխավոր քրմուհին  կրակը կփոխանցի առաջին ջահակրին՝  թիավարությունից  օլիմպիական չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսին, որից հետո այն  փոխանցավազքով կանցնի  Հունաստանի տարածքով: 600 ջահակիրներ 11-օրյա շրջագայություն կկատարեն Հունաստանի 13 շրջաններով, 7 կղզիներով և 43 քաղաքներով:

Ապրիլի 26-ին կրակը, որը <<  կգիշերի >> Ֆրանսիայի դեսպանատանը,  կհանձնվի  Փարիզի խաղերի կազմակերպիչներին:

Հաջորդ օրը  ջահը Le Belem 120-ամյա եռակայմ առագաստանավով կուղևորվի Ֆրանսիա և մայիսի ութին  կլինի Մարսելում:

Ֆրանսիայում նախատեսված փոխանցավազքը կտևի 68 օր և կավարտվի հուլիսի 26-ին՝  խաղերի բացման արարողության ժամանակ:

Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 101 օր:

Այլ նորություններ