Ծաղկաձորյան հավաքում հագեցած է անցնում ՀՀ բռնցքամարտի հավաքականի առօրյան: Մասնագիտականից բացի, տղաները բացօթյա մարզումներ են անցկացնում: Ձյան վրա վազքով հաղթահարում են միջին և երկար տարածություններ, բարձրանում Ալիբեկ լեռան գագաթը, << կռվում >> ծանրաձողերի և կշռաքարերի հետ, իսկ մարզումների վերջում զբաղվում են լողով:
Հունվարի 7-ին է թիմը մեկնել Ծաղկաձորի մարզահամալիր:Պարապմունքներին մասնակցում են 23 մարզիկներ: Նրանք այնուհետև մարզումները կշարունակեն Երևանում:
Փետրվարի 2-ին հավաքականը կմեկնի Իվանո - Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա համատեղ մարզումներ կանցկացնի:
- Վերջին օրերին ընկերական –թիմային մրցամարտեր են նախատեսված նշած երկրների պատվիրակների հետ, - զրույցի ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:
Բռնցքամարտիկների հետ, համապատասխան հանձնարարականով, անհատական պարապմունքներ են անցկացնում անձնական մարզիչները: Թիմի անդամների ֆունկցիոնալ վիճակից գոհ է մարզական փորձառու բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը: Առայժմ դժգոհելու առիթներ չկան և ամեն բան ընթանում է մարզչական խորհրդի կազմած ծրագրով:
Մարտի 13 –ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Համանուն երկրորդ ստուգատեսը տեղի կունենա Ֆրանսիայում ` մայիսին: Յուրաքանչյուր քաշային կարգի համար կգործեն որոշակի չափանիշներ: Չափազանց դժվարին խնդիրներ պետք է լուծենք Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: Ընդամենը վարկանիշային երկու մրցաշարում պարզ կդառնա նախապատրաստական փուլերում կատարած մեր աշխատանքի արդյունքը,- իր խոսքը եզրափակեց Ռ.Մեհրաբյանը