«Դինամո»-ն` ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր

21:22 - 18 Դեկ, 2015

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Դինամո» ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Մրցումային առաջին օրը հայ ըմբիշները իրենց ուժերն են չափել Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնց նկատմամբ առավելության են հասել 8:0, 8:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշները 7:1 հաշվով հաղթել են հունգարացիներին:

Եզրափակիչ փուլում «Դինամո»-ի մրցակիցը իրանական «Բիմեյե Ռազի»-ն էր: Հայ ըմբիշները տեղացիներին զիջեցին 7:1 հաշվով՝ բավարարվելով առաջնության արծաթե մեդալներով: Երրորդ տեղը զբաղեցրեց իրանական «Փադիդե Դո-Քուհե»-ն:

Ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մարոկկոն, Թուրքմենստանը, Բուլղարիան ու Հունգարիան ներկայացնող մեկական և Իրանը ներկայացնող 4 ակումբ:

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան էին մեկնել հետևյալ կազմով` Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ):

Ըմբշամարտի ակումբային աշխարհի առաջնությունը կայացել է դեկտեմբերի 17-18-ը:

Լուսանկարը՝ iawf.ir-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ