Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը:
Այսօր մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ՝ 57 կգ քաշային Գոռ Գրիգորյանը և 65կգ քաշային Հակոբ Ավետիսյանը:
Գոռ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ լիբանանցի Սայիդ էլ Չամիի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը զիջեց կորեացի Կիմ Ջին Չեոլին: Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Գրիգորյանը հնարավորություն ստացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Հայաստանը ներկայացնող ըմբիշը հաղթեց պաղեստինցի Աժար Հուսեյնին:
Բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգորյանը 2:5 հաշվով զիջեց իրանցի Ռեզա Ատրանաղարչիին և զբաղեցրեց 5-րդ տեղը:
65կգ քաշային Հակոբ Ավետիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Իբրահիմի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց ղազախ Ազամատ Շագապուլիին և լքեց պայքարը:
Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:
Լուսանկարը՝ Հակոբ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: