Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր ելույթները 2019 թվականին:
«Տարին շատ հաջող էր ինձ համար: Մարզիչներիս շնորհիվ էր, որ այսպիսի արդյունքների հասա այս տարի: Առանց նրանց ոչ մի բանի չէի հասնի: Աշխատում ենք, փորձում ենք բարդացնել վարժությունը, որպեսզի ավելի լուրջ մրցումներում ավելի լավ հանդես գանք: Վորոնոնի գավաթի խաղարկությունում վրիպումներ շատ եղան, պետք է շատ աշխատեմ, որպեսզի այդպիսի վրիպումներ այլևս չլինեն: Ամեն օր նոր բան եմ սովորում իմ ավագ գործընկերներից, քանի որ նրանք շատ են ոգևորում ինձ թե՛ մարզումներին, թե մրցումների ժամանակ: Նրանք շատ են օգնում ինձ: Գլխավոր նպատակս առավելագույնին հասնելն է, բոլորիս երազանքն է նվաճել օլիմպիական մեդալ: Իմ նպատակն ու երազանքը դա է, և ամեն գնով պետք է հասնեմ դրան մարզիչներիս հետ»,- ասաց մարմնամարզիկը:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ավետիսյանը նվաճել է իտալական Նեապոլ քաղաքում անցկացված 30-րդ ամառային Ուսանողական խաղերի չեմպիոնի կոչումը, իսկ չինական Ուհանում կայացած Համաշխարհային բանակային խաղերում և Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բրոնզե մեդալակիր։