Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Մոսկվայում անցկացված Alrosa Cup Գրան Պրի ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի մրցաշարին:
Առաջին գոտեմարտում Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 հաշվով հաղթել է վենեսուելացի Ռիվաս Վուելիկսիսին:
Մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշը աշխարհի հավաքականի կազմում մասնակցել Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Նա մրցել է կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Ռոման Վլասովի հետ և պարտվել 2:3 հաշվով: Գոտեմարտն անցկացվել է 77 կգ քաշային կարգում:
Դիմակայությունում անցկացվել է 12 գոտեմարտ, Ռուսաստանի հավաքականը հաղթել է 11:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Վլասովը հանդիպել էին նաև Լոնդոնի-2012 Օլիմպիական խաղերի եզրափակիչում, որտեղ հաղթել էր ռուս ըմբիշը: