Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:
Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունաստանին և 13 միավորով գրավեց չորրորդ տեղը: Հաղթանակներ տարան Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները: Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցեց նաև Հայկ Մարտիրոսյանը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վաստակեց 15 միավոր: Լավագույն եռյակում տեղ գտան նաև 14-ական միավոր հավաքած Ուկրաինան ու Անգլիան:
Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 1.5:2.5 հաշվով պարտվեց Ադրբեջանին և 11 միավորով գրավեց 7-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ում հանդես եկավ նաև Սիրանուշ Ղուկասյանը:
Կանանց Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը վաստակեց 16 միավոր։