Երևանում մեկնարկած բասկետբոլի Եվրասիական լիգայի առաջին տուրի երկրորդ խաղում «Ուրարտուն» 99։78 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին»։
Հանդիպումից առաջ տեղի ունեցավ մրցաշարի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը:
«Բարի երեկո բոլորին։ Սիրելի մարզասերներ, մարզիկներ և մարզիչներ, ուրախ եմ բոլորիդ ողջունել այս մարզադահլիճում Եվրասիական լիգայի բացմանը։ Այսօր պատմական օր է, մեկնարկում է Եվրասիական բասկետբոլային լիգան: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և թող հաղթի ուժեղագույնը»,- նշեց Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։ Մեկնարկային խաղում «Արագածը» 89:79 հաշվով հաղթել էր ղազախական «Բարսիին»։