63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2։4 հաշվով պարտվեց Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ Գալստյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող, հայ, աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանն էր։
Գալստյանը 2։0 հաշվով հաղթում էր Մարյանյանին։ Այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչը հնարավորություն ստացավ պարտերում վերևից աշխատելու և գլորեց Գալստանին։ Գոտեմարտն ավարտվեց 2։3 հաշվով։ Հայ մարզիչները բողոքարկման բարձիկ նետեցին՝ սակայն անարդյունք։ Գոտեմարտի վերջնական հաշիվը դարձավ 2։4։
Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Գալստյանը երկու կամային հաղթանակ էր տարել Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշների նկատմամբ։
55 կգ քաշային Նորայր Հախոյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից, իսկ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը վաղը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի մեծահասակների տարիքային խմբում իր նորամուտը բրոնզե մեդալով նշել։
Սեպտեմբերի 15-ին պայքարի մեջ կմտնեն 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 87կգ քաշային Արթուր Շահինյանը և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։