Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (armnoc.am) շարունակում է հարցազրույցների շարքը հայազգի ճանաչված և հեռանկարային մարզիկների հետ: Շարքի հերթական հարցազրույցը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի հետ է:
-Արսեն, վերելքներն ու վայրէջքներն սպորտում անխուսափելի են: Այս տարվա աշխարհի առաջնությունը ձախողված էր քեզ համար: Ի՞նչ հետևություններ ես արել:
- 2015 թվականը, հենց աշխարհի առաջնությունը ինչ-որ տեղ աննորմալ դասավորվեց ինձ համար, բայց տարվա մյուս մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, հաղթանակած եմ դուրս եկել: Չհասկացա` ինչ եղավ: Մինչ օրս էլ չեմ կարող բացատրել, թե ինչն էր այդ ամենի պատճառը: Սակայն պատճառներից մեկը կնշեմ այն, որ պարտություններից հետո շատ արագ էին հաջորդ գոտեմարտերը: 45 րոպեում 3 գոտեմարտ եմ անցկացրել, որից մեկը նախորդ տարվա 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հետ էր: Ինձ համար և կարծում եմ բոլորի համար բավականին բարդ մրցակից: 4:0 պարտվում էի և հաղթեցի 4:7 հաշվով: Ինչ ունեի-չունեի տվեցի այդ գոտեմարտին: Ընդամեը 15 րոպե ունեի վերականգնվելու համար, որը՝ չբավարարեց: Այդ 15 րոպե բավարարեց միայն հաջորդ մրցակցի հետ 3 րոպե գոտեմարտելու համար: Գիտակցությունս արդեն լիարժեք չէր, հասկանում էի՝ ինչ է կատարվում, բայց չէի կարող ոչինչ անել: Պետք է լինել գորգում, պետք է լինել պրոֆեսիոնալ մարզիկ՝ խորությամբ հասկանալու, թե որքան բարդ է: Երբեմն ասում են՝ ինչպե՞ս կարող էր նման մարզիկն այսպիսի հնարք բաց թողնել. անհավատալի մի բան: Խնդիրն այն էր, որ մարմինդ չի ենթարկվում քեզ: Մոտ մեկ ամիս ցանկություն չկար ինչ-որ բան անելու, սակայն հետո հասկանում ես, որ դեռևս ոչինչ կորցված չէ: Մեր նպատակն Օլիմպիական խաղերն են: Ոչ մի նստվածք չի մնացել աշխարհի առաջնությունից հետո, ամեն ինչ հաղթահարված է:
-Առջևում վարկանիշային 3 մրցաշար կա, ինչ ես կարծում, քեզ կհաջողվի՞ հենց առաջին փորձից ուղեգիր ձեռք բերել:
-Բնականաբար, փորձելու եմ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել առաջին իսկ փորձից: Այդ ամենը կարևոր է այն առումով, որ շատ ավելի ժամանակ կունենամ նախապատրաստվելու Օլիմպիական խաղերին և կվերականգնվի այն անթերի վստահությունը, որը կար մինչ այդ: Պետք է թե ես, թե իմ մարզիչները ճիշտ մոտենանք, թե որ մրցաշարին կմասնակցենք:
-Արսեն, հնարավո՞ր է, որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո հեռանաս մեծ սպորտից:
-Իսկապես ոչինչ չեմ կարող ասել: Տարիքս թույլ տալիս է շարունակել: Բայց հիմա չեմ ուզում խոսք տալ, ասել: Դեռ վերջին չհասած՝ նախապես գնահատական տալը սխալ գործ է: Ավելի լավ է վերջնական արդյունքը ունենանք և հետո հասկանանք, պետք է յուղալի վերջակետ դնել, թե շարունակել:
-Բազմիցս նշել ես, որ պրոֆեսիոնալ կարիերադ ավարտելուց հետո հնարավոր է քեզ տեսնենք քաղաքականության կամ դիվանագիտության ասպարեզում: Ծրագրերը չե՞ն փոխվել:
- Եթե սկսեմ այդ գործը, ապա պետք է մեծ փորձ ձեռք բերեմ, առանց փորձի սկսել արևմտաեվրոպական լուրջ երկրից՝ ծանր հետևանքներ կունենա: Նախ պետք է փորձառու դիվանագետ դառնալ և հետո միայն ցանկությունները բարձրացնել: Բայց այստեղ կրկին գալիս կանգ ենք առնում Ռիո-2016 առաջ: Ինչպես էլ պտտվենք` միևնույն է պարզություն կլինի միայն Օլիմպիական խաղերից հետո:
-Այս տարի կյանքիդ գլխավոր հաղթանակներից մեկն ես տարել` հայր ես դարձել: Ի՞նչ է փոխվել դստերդ ծնվելուց հետո:
-Իրոք, շատ բան է փոխվել: Առաջ, երբ առողջականի հետ խնդիրներ էի ունենում, ապա միայն մտածում էի սպորտի մասին: Բայց հիմա այլ կերպ է, սպորտին մրցակից է ավելացել՝ աղջիկս է: Շատ ավելի լուրջ ես դառնում, հավասարակշռված: Նա է դարձել կենտրոնը, պետք է իրեն հարմարվենք, պետք է այնպես անենք, որ նրա համար ամեն ինչ անթերի լինի: Բնավ չի խանգարում մեզ, առավոտյան ժպիտը փոխում է ամբողջ տրամադրությունդ: Մի արեգակ է, որ շողում է տանը: Ցանկանում եմ, որ բոլորը վերապրեն այդ զգացողությունը:
-Արսեն, փոխելով հարցերի բնույթը, հեռանալով մարզական և անձնական թեմաներից, ի՞նչ է քեզ համար երջանկությունը:
-Չասեմ, որ այլ կերպ եմ վերաբերվում երջանկությանը: Երբ ասում են, որ բացարձակ երջանիկ եմ, ապա մասամբ են բնութագրում երջանկությունը: Ցավոք սրտի, այսօր մենք ապրում ենք այնպիսի առօրյայով, որ խնդիրները բազմաթիվ են: Բնականաբար, սուտ կլինի ասել, որ նաև դժբախտ ես: Այո, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, բայց երջանկությունն ակնթարթներ են: Այդ ակնթարթները շատ են լինում ինձ մոտ, փառք Աստծո, և երջանիկ մարդ եմ, որ այդպիսի պահեր հաճախ են լինում: Կցանկանայի, որ դրանց որակը և թիվը երբեք չպակասի:
-Իսկ հաջողությունը:
-Հաջողությանը ևս յուրահատուկ մոտեցում ունեմ: Հաջողությունը լուրջ, պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի արդյունք է: Առանց հաջողության շատ մեծ բարձունքների չես հասնի: Հաջողությունն այն գործոնն է, որ պետք է քեզ ուղեկցի ցանկացած գործում: Բայց հույսը դնել միայն հաջողության վրա չի լինի:
-Որո՞նք են քո ուժեղ կողմերը:
-Կարծում եմ, աշխատասիրությունը, նպատակասլացություն և գործը կիսատ չթողնելու բնավորության գիծը:
-Իսկ թույլ:
-Վերջերս եմ հանգել այդ մտքին, որ երբ սկսում ես շատ վստահել մարդկանց, հաճախ պատժվում ես: Չգիտեմ դա թուլություն է, թե ոչ, բայց հանկարծ, անսպասելի ինչ-որ հարված ես ստանում: Պետք է շատ զգույշ լինել՝ ում ես նվիրվում, որքանով ես նվիրվում: Հիմա պետք է չափավոր լինեմ:
-Արսեն, մարդուն բնորոշ է նաև վախի հատկանիշը, ո՞րն է քո մեծագույն վախը:
-Ընտանիքիս հետ կապված ինչ-որ դժբախտ բան: Տա Աստված, որ ոչինչ չլինի, և ինչ լինում է, թող որ լինի ժամանակին:
-Մարդկային ո՞ր հատկանիշն ես գնահատում անձի մեջ:
-Բնական է, եթե դու ինքդ քեզ համարում ես ազնիվ մարդ, պետք է դիմացինից էլ դա պահանջես: Ազնվությունը, պրոֆեսիոնալիզմը մի քիչ այլ հարթակում: Շատ կարևոր է նաև հայրենասիրությունը, նվիրվածությունն ընտանիքին, հարգանքը տարեցների և վաստակ ունեցած մարդկանց նկատմամբ: Չեմ սիրում անշնորհակալ մարդկանց: Մարդ երբեք չպետք է ապերախտ լինի:
-Ո՞ւմ ես վստահում ամենից շատ:
-Ընտանիքիս: Ամբողջ ընտանիքին` առանց բացառության:
-Որտե՞ղ ես քեզ տեսնում 10 տարի անց:
-Դժվարանում եմ ասել, որտեղ էլ լինեմ, պետք է լինեմ ընտանիքովս շրջապատված:
-Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել ծերությունդ:
-Մտածել եմ այդ մասին, գիտեք: Ինչ-որ մի տրոպիկական կղզում: Ես ինձ ծովափնյա անձնավորություն եմ համարում, թեպետ ծնվել և մեծացել եմ լեռներում: Շատ է գայթակղում Կուբան:
-Ինչպե՞ս կցանկայիր, որ քեզ հիշեն:
-Կուզենայի, որ ինձ հիշեն այնպես, ինչպես հիմա ճանաչում են: Չեմ ցանկանա, որ փոխվի այդ կարծիքը տարիներ անց: Ես ամեն ինչ կանեմ, որ այդ կերպ մնամ մարդկանց հիշողության մեջ:
-Ի՞նչ հարց կցանկանայիր որ քեզ տային:
-Այն հարցերը, որոնք հիմա տալիս եք, ինձ շատ հետաքրքիր էին, մտածելու առիթ էին տալիս: Հասարակ հարցեր չեն և փիլիսոփայական ուղվածություն էլ ունեն, ինչն անձամբ շատ եմ սիրում և խուսափում եմ ծեծված հարցերից:
-Եթե քեզ հիմա լրագրողական տեսանկյունից հարց տայիր, ի՞նչ հարց կտայիր:
-Հաստատ ոչ սպորտին վերաբերվող:
-Եթե տեսնեիր Աստծուն, ի՞նչ կասեիր:
-Առաջին անգամը չէ, որ այս հարցը տալիս են ինձ, բայց ամեն անգամ անսպասելի է: Մի բան կա, որ երբեք չի փոխվում, երբ այդ պահը գա, դու շատ բան չես ունենա ասելու: Պետք է խնդրես միայն, որ այն մեղքերը, որ գործել ես, հնարավորինս ներվի:
-Եվ անցնենք բլից հարցերին: Սիրած մարզաձևը:
-Ըմբշամարտ:
-Մարզիկը:
-Ռոյ Ջոնս, Բուվայսար Սատիև:
-Սիրած Ֆիլմը:
-«Դերասանը»:
-Սիրած դերասանը:
-Լեոնարդո դի Կապրիո:
-Երգիչը:
-Ֆրենկ Սինատրա:
-Սիրած երգը:
-Ազնավուր, «Yesterday»:
-Երաժշտական գործիք:
-Կիթառ:
-Ո՞ր երգն է ձեր կյանքի կարգախոսը:
-Ջոն Լենոնի «Imagine»:
-Սիրած գիրքը:
-«Աստվածաշունչ»:
-Նախընտրած պատմական կերպարը:
-Լեոնարդո դա Վինչի:
-Սիրած երկիրը:
-Ավստրալիա:
-Քաղաքը:
-Փարիզ, Հավանա:
-Սիրելի ճաշատեսակը:
-Քաղցրավենիք եմ շատ սիրում:
-Կյանքի կարգախոսը:
-Ցանկացած պարագայում միշտ մնալ մարդ:
-Թալիսմանը:
-Խաչը:
-Վերջին լուսանկարը որ արել ես հեռախոսով:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին