Հայաստանի ազգային հավաքականի մի շարք թեկնածուներ կայուն ելույթներ են ունենում արտասահմանյան թիմերում: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է, թե ինչպես են իրենց դրսեւորում հավաքականի թեկնածուներն ընթացիկ մրցաշրջանում:
Բելառուս
Վիկտոր եւ Մարսել Հովսեփյաններ
Ինչպես եւ նախորդ մրցաշրջանում, եղբայրները հանդիսանում են «Ռուբոն» թիմի առաջատար խաղացողներ: Վիտեբսկը ներկայացնող ակումբը հանդես է գալիս Բելառուսի առաջնությունում, իսկ եղբայրներն անցկացրել են 6-ական հանդիպում: Վիկտոր Հովսեփյանը թիմի ռմբարկուն է եւ միջինը 19.7 միավոր է վաստակում: Մարսելը օղակից անդրադարձած գնդակներին տիրելու քանակով առաջատարն է (10.5):
Ռուսաստան
Ալբերտ Թադեւոսյան
Վերականգնվում է վնասվածքից հետո: Հանդես է գալու Ռուսաստանի Ուսանողական առաջնության հաղթող «ՄԳՈւ-Դինամոյի» կազմում: Առաջիկայում Ալբերտը կարող է հայտնվել հիմնական կազմում:
Էդգար Բաբայան
Դարձել է Օմսկի ԲԿ1716 թիմի ավագը: Ռուսաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում միջինը վաստակում է 14 միավոր: Հիշեցնենք, որ Էդգարն ամռանը հանդես եկավ Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականում:
Անդրեյ Կոնստանտինով
Մեր երիտասարդական հավաքականի մեկ այլ խաղացող Կոնստանտինովը հանդես էր գալիս Տուլայի «Արսենալում», սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հեռացել է թիմից: Ներկայումս նոր ակումբ է փնտրում: Ընթացիկ մրցաշրջանում Անդրեյը 7 հանդիպում անցկացրեց «Արսենալում»:
Սերգեյ Պոլուխին
Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի ավագ Սերգեյ Պոլուխինը հանդես է գալիս Չերկեսկի «Էլբրուսում»: Սերգեյը դարձել է թիմի հիմնական խաղարկողը եւ խաղադաշտում միջինը 25 րոպե է անցկացնում: Ռուսաստանի Սուպերլիգայում հանդես եկող թիմի կազմում Պոլուխինը միջինը վաստակում է 6.4 միավոր եւ կատարում է 6-ական արդյունավետ փոխանցում:
Կոնստանտին Միրզոյանց
«Տամբովի» կազմում Ռուսաստանի Սուպերլիգայում անցկացրել է 11 խաղ: Միջինը 8 միավոր է վաստակում:
Իրան
Սասուն Աբրահամյան
Կայուն խաղ է ցուցադրում Իրանի ընթացիկ առաջնությունում: Անցկացրել է 9 հանդիպում՝ միջինը վաստակելով 8-ական միավոր:
ԱՄՆ
Կարեն Չիվիչյան
Հանդես է գալիս ԱՄՆ-ի Ուսանողական լիգայում՝ ելույթ ունենալով «Բենգալսի» կազմում: Կարենը իր առաջին հանդիպումներում ցույց տվեց, որ բավական լավ ներուժ ունի:
Միքայել Պողոսյան
Վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում որեւէ խաղ չի անցկացրել «Տիել Տոմկետսի» կազմում: Վերջերս ենթարկվեց ծնկների վիրահատության եւ վերականգնվելու համար կպահանջվի 6-ից 10 ամիս:
Արտյոմ Թավաքալյան
Հայաստանի երիտասարդական հավաքականի ռմբարկուն եւս հանդես է գալիս Ուսանողական լիգայում՝ ներկայացնելով «Հորնեթեսը» (Դելավեր): Միջինը 8 րոպե է անցկացնում ասպարեզում եւ 6 միավոր վաստակում:
Արկադի Մկրտիչյան
Սեպտեմբերի սկզբին վիրահատության էր ենթարկվել եւ արդեն լիովին ապաքինվել է: Աստիճանաբար խաղաժամանակ է ստանում Այդահոյի «Վանդալս» թիմի կազմում: Միջինը 16 րոպե է անցկացնում խաղադահրապարակում՝ վաստակելով 6 միավոր:
Առաջիկայում կանդրադառնանք նաեւ Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի թեկնածուների ելույթներին:
ՀԱՕԿ լրատվության բաժին