Մրցաշրջան 2018-ում Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի պաշտոնական առաջին մեկնարկը եղավ Գերմանիայի Ռոստոկ քաղաքում, որտեղ Վարդան Բայանդուրյանը, Լեւ Սարգսյանը եւ Վլադիմիր Հարությունյանը մասնակցեցին «Գրան Պրիի» փուլին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ տղաների մասնակցությունից՝ հաշվի առնելով, որ մրցաշրջանը նոր է սկսվում, եւ տղաները օբյեկտիվ պատճառներով դեռ պատշաճ մարզավիճակում չեն.
«Անհատական աշտարակացատկում Վարդան Բայանդուրյանn ութերորդ տեղով մտավ առաջին եզրափակիչ, որտեղ նույնպես լավ սկսեց: Սակայն բարդ՝ 4,5 պտույտով ցատկը նրա մոտ այնքան էլ հաջող չստացվեց, որից հետո կորցրածը հետ բերել հնարավոր չեղավ:
Վլադիմիր Հարությունյանն անհատական աշտարակացատկում չկարողացավ հաղթահարել նախնական փուլը:
Սինքրոն աշտարակացատկում Լեւ Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը ցատկերը փորձարկելու ընդամենը մեկ օր ունեցավ, սակայն կարողացավ զբաղեցնել հինգերորդ տեղը՝ զիջելով հաղթող դարձած Չինաստանի անգերազանցելի թիմին, Մեծ Բրիտանիային, Մեքսիկային եւ Գերմանիային: Ընդ որում, այստեղ նույնպես ընդամենը մեկ ցատկի պատճառով միավորների աննշան տարբերությամբ չհաջողվեց զբաղեցնել երրորդ տեղը», - ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մասնագետն ասաց.
«Տղաներին հնարավորին չափ շատ միջազգային մեկնարկներ են հարկավոր: Ապրիլին հանդես ենք գալու Ուկրաինայի գավաթի խաղարկությունում: Եգիպտոսի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր ենք ստացել, որն արտապլանային է: Միջոցներ լինելու դեպքում կմասնակցենք: Դրան կհաջորդի Հայաստանի առաջնությունը, որի ավարտին ուսումնամարզական հավաք ենք պլանավորել Բելառուսում: Այնուհետեւ Չինաստանում կմասնակցենք աշխարհի գավաթին: Եվրոպայի պատանիների առաջնություն կա: Հնարավոր է մասնակցենք մեկ մարզիկով: Մեծահասակները հանդես կգան նաեւ Մադրիդում կայանալիք «Գրան Պրիի» փուլին: Իսկ տարվա պաշտոնական մեկնարկները կեզրափակենք օգոստոսին Անգլիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունով»:
Հրաչյա Չանդիրյանը նշեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ էլի միջազգային մրցումներ կան, սակայն դրանց մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է: