ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։
Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։
Գագիկ Ծառուկյանը ողջունեց մարզիկներին եւ հետաքրքրվեց, թե արդյոք կան խնդիրներ կամ չլուծված հարցեր:
«Հույս ունեմ, որ մենք մեդալներով կվերադառնանք Հայաստան՝ հաղթական և շատ ուրախ։ Տեղյակ եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա զուտ օրակարգային հանդիպում չէ, ցանկանում եմ անկեղծ ասեք, որ եթե կան որոշ խնդիրներ, լուծենք»,- խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
ՀԱՕԿ նախագահը նշեց նաև, որ հետևում է մարզիկների ելույթներին և նրանց կողքին է ցանկացած պահի։
Մարզիկներն էլ իրենց հերթին նշեցին, որ ամեն բան կարգին է, տրամադրվածությունն էլ՝ մարտական։