Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչև 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը 1/16 եզրափակչում 6-5 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովին, 1/8 եզրափակչում 14-2 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրայիլ Ցիկիևին, քարորդ եզրափակչում 6-4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին, կիսաեզրափակչում էլ 5-2 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Համզա Ալաչայից և դուրս եկավ եզրափակիչ:
Վաղը Մարգարյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյի հետ: Մինչև 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը, պարտության մատնելով շվեդ Մոհամադ Սարդար Տիմորիին (6-4), իսպանացի Սանտիագո Սանչես Վարելային (10-0), բելառուս Յարոսլավ Յադկուսկիին (6-2), ռուսաստանցի Սլավիկ Նանիևին (6-4), դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը կգոտեմարտի վրացի Միրիանի Մաիսուրաձեի հետ: