Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը: Ռումինիայի մայրաքաղաքում բրոնզե մեդալակիր էին դարձել Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ):
«Մեր հավաքականը տարին սկսել է ծրագրված բոլոր հավաքներով ու միջազգային մրցաշարերով, իսկ Եվրոպայի առաջնությունում հանդես եկանք 10 մասնակցով: Կարեն Ասլանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրին եւ սպասելիքներ կային, որ նրանք հանդես կգան եզրափակիչում, սակայն եղան խանգարող պատճառներ: 2 գոտեմարտերում էլ եղան շատ կասկածելի պահեր՝ մեր մրցակիցների օգտին: Շատ մասնագետներ նշեցին, որ, իրոք, եղել են մրցավարական բացթողումներ: Բրոնզե մեդալների համար պայքարում էինք նաեւ 63, 72 եւ 87 կգ քաշային կարգերում, բայց Սլավիկ Գալստյանը, Հրանտ Կալաչյանը եւ Մաքսիմ Մանուկյանը պարտություն կրեցին:
Արսեն Ջուլֆալակյանի եւ գերմանացի ըմբիշի գոտեմարտի ժամանակ մենք բողոքարկեցինք, եւ բոլորը տեսան, որ գերմանացի ըմբիշն ակնհայտ ոտքը դուրս է դնում: Սակայն միավորը տվեցին ոչ թե Արսենին, այլ՝ մրցակցին: Կցանկանայի նշել, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարը գերմանացի է: Շատ կարեւոր էր, որ 2 տարվա ընդմիջումից հետո Արսենը մեդալ նվաճեց պաշտոնական մրցաշարում: Բոլորը հիացած ու զարմացած էին նրա ելույթով: Վստահ էի, որ նա 8:0 հաշվով պետք է հաղթեր Գերմանիան ներկայացնող ռուս ըմբիշին:
Նախապես նշել էի, որ մեզ համար շատ ավելի կարեւոր է սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ կվիճարկվեն Օլիմպիական խաղերի վարկանիշներ: Ուղեգրերը վիճարկվելու են 6 քաշային կարգերում, եւ մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է: Դժգոհ եմ Ռուդիկ Մկրտչյանի, Գեւորգ Ղարիբյանի, Սարգիս Քոչարյանի եւ Դավիթ Օվասապյանի ելույթներից: Դա մտածելու առիթ է տալիս: Դավիթ Օվասապյանը դեռ երիտասարդ ըմբիշ է եւ առաջին քայլերն է կատարում մեծահասակների հավաքականում, իսկ մյուս երեք ըմբիշների մասնակցությունից դժգոհ եմ, քանի որ նրանց հնարավորություններն ավելի էին: Դժգոհ եմ նրանց գոտեմարտերից: Կան պարտություններ, որոնցից հետո կարելի է գոտեմարտին լավ գնահատական տալ, բայց սա այդ դեպքը չէր: Այդ 3 քաշային կարգերում մեր ըմբիշները շատ վատ գոտեմարտեցին: Բոլորն էլ խոստումնալից մարզիկներ են եւ ունեն աճելու հնարավորություն:
Մայիսի 9-ից կսկսենք պատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը: Մայիսի 9-23-ը Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հետ հավաք կանցկացնենք «Օլիմպավանում»: Այնուհետեւ մեր որոշ ըմբիշներ միջազգային մրցաշարի կմասնակցեն Ղազախստանում: Հաջորդ հավաքը Երեւանում կկայանա հունիսին, հետո կմեկնենք Եվրոպական խաղերին: Միջազգային մրցաշարեր ունենք նաեւ Թբիլիսիում, Մինսկում, Լեհաստանում ու Գերմանիայում: Աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին հավաքը տեղի կունենա Մինսկում, իսկ վերջինը՝ Երեւանում:
Կարապետ Չալյանի վնասվածքը շատ լուրջ է: Բժիշկները հույս ունեն, որ վիրահատության անհրաժեշտություն չի լինի: Դա պարզ կլինի առաջիկա բուժզննումից հետո: Եթե Կարապետ Չալյանն առողջական խնդիրներ չունենա, նա մեր հավաքականի լիարժեք անդամ է, մեծ ներուժով մարզիկ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: