Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 7-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ՝ Հարություն Մանուկյան (57 կգ), Գեղամ Գալստյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյան (79 կգ) եւ Կոլյա Հարությունյան (97 կգ):
Արման Անդրեասյանը (70 կգ) 2 հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Աբդուլկադիրովին (2:2): Հունիսի 8-ին հայ ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Արման Ավագյանը (79 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից եւ 3 հաղթանակներից հետո նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր: Նա եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց ռուսաստանցի Ախմադ Տաշուխադջիեւի հետ եւ պարտվեց 8:9 հաշվով: Հունիսի 8-ին Արման Ավագյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հարություն Մանուկյանը (57 կգ) եւ Գեղամ Գալստյանը (65 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են քառորդ եզրափակիչում եւ լքել պայքարը:
Կոլյա Հարությունյանը (97 կգ) մեկնարկել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2:6 հաշվով պարտություն է կրել բելառուս ըմբիշից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Աշոտ Ռուշանյանը (125 կգ)։