Մինսկում գտնվող «Ուսանողական ավանի» շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավանը հյուրընկալելու է հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի համար Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություներին:
Բելառուսի պետական համալսարանի հանրակացարանը բաղկացած է 9 շենքերից եւ պատրաստ է հյուրընկալել մոտ 9800 մարդու: Համալիրը վերակառուցվել է Եվրոպական խաղերի համար: Բոլոր մարզօջախները գտնվում են ավանի հարեւանությամբ:
Օրերս «Ուսանողական ավան» է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բարձր է գնահատել համալիրի պատրաստվածությունը: Եվրոպական խաղերի ընթացքում ավանում կաշխատեն մոտ 700 կամավորներ: Սպասվում է, որ առաջին պատվիրակությունները Մինսկ կժամանեն հունիսի 15-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձեւերում: