Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտարարվել է Դոպինգ թեստավորումների անկախ կազմակերպության (ITA) եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո:
Մարտին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ծանրամարտը պայմանական ընդգրկել էր Փարիզ-2024-ի ծրագրում: Այժմ ITA-ն կզբաղվի IWF-ում դոպինգային ռիսկերի գնահատմամբ, թեստեր անցկացնելով ու գնահատելով եւ այլ հարցերով: Հատուկ ուշադրություն կդարձվի դոպինգ ստուգումների պահպանմանն ու դրանց վերստուգմանը:
2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձեւը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: Վերջին շրջանում IWF-ը փոխել է դոպինգի դեմ պայքարի մարտավարությունը եւ նոր ծրագիր է կիրառում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում: