Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը մեկնաբանեց իր ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ), որտեղ գյումրեցի ըմբիշը գրավել էր 5-րդ տեղը:
«Վնասվածքը խանգարեց, քանի որ ոտքս վերջնական չէր վերականգնվել: Մրցումներից մոտ 20 օր առաջ ոտնաթաթի վնասվածք էի ստացել մարզման ժամանակ: Չհասցրեցի լիովին վերականգնվել, ինչի համար ինձ անհրաժեշտ էր, երեւի, եւս 10 օր: Այս արդյունքից գոհ լինել չեմ կարող, քանի որ պոկում վարժության համար նախատեսած կիլոգրամները բարձրացրեցի հրում վարժությունում: Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ եւ լինելու եմ բարձունքում»,- նշեց Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը երկամարտում գրանցել էր 422 կգ (200+222) արդյունք: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մինասյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ: Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետեւ չկարողացավ ֆիքսել 234 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունից հետո Ալեքսանյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց: