Արփինե Դալալյանը չորրորդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում (+87 կգ):
Երկամարտում Հայաստանի ներկայացուցչի արդյունքն էր 240 (105+135) կգ: Թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Արփինե Դալալյանը չորրորդն էր:
Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Տատյանա Կաշիրինան, որի երկամարտի արդյունքն էր 331 կգ (146+185):
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալակիր էր դարձել 109 կգ քաշային կարգում, իսկ Սամվել Գասպարյանը (102 կգ) հռչակվել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաեւ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):