Հայաստանի բասկետբոլի առաջնություններն ավարտվել են, իսկ մեր հինգ հավաքականներ քրտնաջան պարապմունքներում են ընդգրկված: Պետք է պատվով ներկայանալ Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնություններին:
Այդ միջոցառումների մասին ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը ասաց, որ մեր չորս թիմեր ընդգրկված են երրորդ խմբում:
Մինչև 18 տարեկան տղաների խմբային մրցավեճը կանցկացվի Սան Մարինոյում ՝ հուլիսի 24 – 31-ը: Մերոնց մրցակցներն են Ջիբրալթարի, Մոլդովայի, Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները:
Ջիբրալթարում հուլիսի 12 – 17 –ը պայքարի կբռնվեն մինչև 16 տարեկան տղաները: Խմբում ընդգրկված են Հայաստանի, Անդորայի և Մոլդովայի պատվիրակները:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբայինը տեղի կունենա Ալբանիայում ՝ հուլիսի 12 -17 –ը: Մերոնք կմրցեն Կիպրոսի և Մոլդովայի մարզուհիների հետ:
Երրորդ խմբում է նաև ՀՀ տղամարդկանց ազգային ընտրանին, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հայաստանի գուլիվերները կհանդիպեն Սան Մարինոյի և Ջիբրալթարի բասկետբոլիստների հետ: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 28 – հուլիսի 3 –ը ՝ Մալթայում: Մինչ այդ, մեր ազգայինը կմասնակցի Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հունիսի 23 – 26 –ը անցկացվելիք միջազգային մրցաշարին:
Նախնական պայմանավորվածությամբ նախատեսված է արտասահմանյան երեք երկրների հավաքականների մասնակցություն: Այժմ տեղացի կադրերով համալրված մեր թիմը նախապատրաստվում է << Արաքս >> / երբեմնի << Միկա >> / մարզապալատում : Հետագայում նրանց կմիանան հավաքականի սփյուռքահայ վարպետները:
Հայաստանի հինգերորդ հավաքականը մինչև 20 տարեկան աղջիկների համակազմն է, որն ընդգրկված է երկրորդ խմբում / Բ դիվիզիոն /: Մեր մարզուհիները Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի դեմ ասպարեզ կելնեն հուլիսի 9 – 17 –ը` Մակեդոնիայում: