ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ « ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ »

11:07 - 20 Հուն, 2023

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երեկ ասես շարունակվեց  նախորդ խաղում Ուելսի հավաքականի նկատմամբ  մեր թիմի տոնած փառահեղ հաղթանակի ցնծությունը:

Եվրո-2024-ի որակավորման  փուլի 4-րդ տուրի՝  Հայաստան-Լատվիա հանդիպումն  ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2 : 1: Ասենք, որ մրցամարտում գրանցված բոլոր երեք գոլերի հեղինակները  մերոնք էին. Նաիր Թիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան (  ինքնագոլ ) և Տիգրան Բարսեղյան:

Դա չափազանց դժվարին պայքար էր, նման՝ հազար ու մի անհայտով հավասարումի, որին դրական լուծում տվեցին դաշտի տերերը:  

D խմբի մրցաշարային աղյուսակն այժմ  ունի հետևյալ տեսքը․

1․ Թուրքիա – 9 միավոր (4 հանդիպում)
2․ Հայաստան – 6 միավոր (3 հանդիպում)
3․ Խորվաթիա – 4 միավոր (2 հանդիպում)
4․ Ուելս – 4 միավոր (4 հանդիպում)
5․ Լատվիա – 0 միավոր (3 հանդիպում)

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝  Թուրքիայում:

Հետխաղյա մամուլի ասուլիսում  Հայաստանի  ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գոհունակություն հայտնեց մարզասերներին.  «Շնորհակալ եմ Հայաստանի երկրապագուներին։ Այն, որ ստադիոնը լեփ-լեցուն էր և նրանք ոգևորում էին՝ շատ օգնեց:  Նաև նրանց շնորհիվ մենք երեք միավոր վաստակեցինք: Ֆունկցիոնալ առումով բավականին դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին: Բավականին  բարդ  առաջադրանք էի տվել  իմ խաղացողներին: Նրանք կատարեցին խնդիրը, թեև խաղից հետո, հիմա հանդերձարանում  են ու թոթափում են հոգնությունը »։

 

Այլ նորություններ