Հայ մարմնամարզիկները Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո վերադարձել են Հայաստան։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մարզիկների ելույթները:
«4 մասնակցով էինք մեկնել Դոհա: Բոլորն էլ անցան եզրափակիչ. դա 100 տոկոսանոց արդյունք է: Շատ գոհ եմ տղաների ելույթներից: 3 մեդալը մեծ նվաճում է: Հատկապես ուրախացրեց եւ զարմացրեց Արթուր Դավթյանը: Նա մրցումային առաջին օրը ձգել էր ոտքը եւ նրա մասնակցությունը հարցականի տակ էր: Եզրափակիչի օրը խնդրեց, որպեսզի մասնակցի՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում: Ինքներդ էլ տեսաք՝ ոչ միայն մասնակցեց, այլեւ բրոնզե մեդալակիր դարձավ»:
Ծրագրերի մասին խոսելիս Սերոբյանը նշեց, որ մինչեւ Եվրոպայի առաջնությունը կանցկացնեն եւս մեկ հավաք.
«Ապրիլի 28-ին մեկնում ենք Թբիլիսի, որտեղ 10-օրյա հավաք կանցկացնենք եւ կմեկնենք Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար»:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Վիգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Դոհայում ավարտված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկները նվաճել էին 3 մեդալ: Բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ Վահագն Դավթյանը (օղակներ), իսկ Արթուր Թովմասյանը նվաճել էր արծաթե մեդալ (օղակներ): Նժույգթափերում Հարություն Մերդինյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը: