Սլովենիայի Լյուբլանա քաղաքում հունիսի 4 –ին տեղի ունեցավ ֆուտբոլի ընկերական հանդիպում: Նշած երկրի ընտրանին հյուրընկալեց Հայաստանի գլխավոր թիմին:
Առաջին խաղակեսում հյուրերը դժգույն, անհետաքրքիր խաղ ցուցադրեցին: Իսկ 10 –րդ րոպեին դաշտի տերերից Մլակարը գրավեց հյուրերի դարպասը:
Ընդմիջման ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը թե ինչ խորհուրդներ ու տակտիկական հանձնարարություններ տվեց իր խաղացողներին՝ հայտնի չէ: Բայց որ մեր ֆուտբոլիստները գրագետ գործողութուններով փոխեցին խաղի ընդհանուր պատկերը՝ փաստ է: Իսկ եթե գրոհների վերջնամասում մերոնք չհապաղեին՝ իրենց հաղթանակը ապահովված կլիներ:
Մարտունակությամբ և նվիրական խաղով կրկին աչքի ընկավ թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Նա նաև 56 –րդ րոպեին գլխի հարվածով գնդակը մխրճեց տանտերերի դարպասը և հավասարեցրեց հաշիվը: Ճիշտ է, յոթ րոպե հետո սլովենացի Իլիչիչը դիպուկ հարվածով իր թիմի օգտին գոլ գրանցեց և հաղթանակ ապահովեց, բայց, միևնույն է, մերոնք վարպետությամբ ավելի բարձր էին:
Դաշտի տերերը հաղթեցին 2 : 1 հաշվով:
Հունիսի 7 -ին, Երևանում, Հայաստանի հավաքականը կընդունի Ղազախստանի ընտրանուն: