Հին աշխարհամասի 35 երկրների 19 – 22 տարեկան 327 / 218 տղա, 109 աղջիկ / մարզիկ մարզուհիներ մասնակցեցին Սոֆիայում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների առաջնությանը:
Վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մրցավայր էր ուղեկցել 17 / 11 տղա , 6 աղջիկ / ներկայացուցիչների:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան դրամական մրցանակներ էր սահմանել ությակ մտած մարզիկների համար. քառորդ եզրափակիչ՝ 1000 ԱՄն դոլար, կիսաեզրափակիչ ՝ 2000, եզրափակիչ ՝ 4000 և չեմպիոն ՝ 8000 դոլար:
Նշած թվերը վկայում են, որ լարված և անզիջում պայքարում են ընթացել մենամարտերը:
Սպասելիքներն արդարացրին մեր երկրի պատվիրակները: Նրանցից երևանցի Էլիդա Քոչարյանը / 60 կգ / և գյումրեցի Ռուդոլֆ Գարբոյանը / 51 կգ / հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը և պարգևատրվեցին ոսկե մեդալներով:
Փոխչեմպիոնի պատվին արժանացան երևանցիներ Ռուսլան Ասլիկյանը / 57 կգ /, Հարություն Հակոբկոխյանը / 67 կգ / և աբովյանցի Արթուր Սահակյանը / 60 կգ /: Ի դեպ, Հարությունը կաշվե ձեռնոցի անցյալի նշանավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի որդին է և, ինչպես հայրը, նա նույնպես առայժմ հանդես է գալիս 67կգ քաշային կարգում:
Բուլղարիայի ստուգատեսը վկայեց, որ Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը հուսալի հերթափոխ ունի: