Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-ին մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը (ֆոտոշարք):
Մասնակցում են մարմնամարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից։ Առաջին օրն անցկացվել են որակավորման փուլի մրցումները, ինչպես նաեւ հայտնի են դարձել բազմամարտի հաղթողները։ Բազմամարտի Հայաստնաի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում կարեւորել է երիտասարդ մարմնամարզիկների մասնակցությունը առաջնությանը։
«Այս առաջնությունը շատ կարեւոր է երիտասարդների համար, այդ պատճառով թույլ ենք տվել, որ մասնակցեն: Ցանկանում ենք, որ Եվրոպայի առաջնությունից առաջ երիտասարդները մեծահասակների հետ համատեղ հավաք անցկացնեն Թբիլիսիում, որտեղից մեծահասակները կմեկնեն Եվրոպայի առաջնությանը: Շատ կարեւոր է, որ երիտասարդները մասնակցեն այս հավաքին, քանի որ սպորտային մարմնամարզության մեջ առաջին անգամ այս տարի անցկացվում է աշխարհի երիտասարդական առաջնություն»,- ասաց Հակոբ Սերոբյանը։
Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան մարտի 14-ին։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 34 մարզիկներ ու 19 մարզուհիներ: Պայքարի մեջ են մտել բոլոր առաջատար մարմնամարզիկները:
Կանանց առաջնության որակավորման փուլը տեղի կունենա մարտի 13-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, իսկ եզրափակիչները կանցկացվեն հաջորդ օրը։