Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության << Գրան պրի >> միջազգային ավանդական մրցաշարը: Հայաստանը ներկայացրին տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց վեցերորդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ Սիլվա Սարգսյանը բավարարվեց ավելի համեստ արդյունքով:
Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները, թեև առաջատարների շարք չմտան:
Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասաց ,որ մրցաշարին մասնակցեցին 36 երկրների պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրեց մեր մարզուհիների մրցափորձը և դա երևաց անզեն աչքով:
Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի / հունիսին / և աշխարհի / սեպտեմբերին / առաջնությունների հաջողակներին: Նրանց շարքում, հասկանալի պատճառներով, հավանաբար մերոնք չեն լինի:
ՀԱՕԿ լրատվական բաժին