Հագեցած ծրագրով

12:04 - 11 Հուն, 2019

Ավստրիայի Միտերսիլ քաղաքի մարզումային ճամբարում տարբեր երկրներ ներկայացնող 50 առաջատար պատվիրակների հետ 10- օրյա ուսումնամարզական հավաքի են մասնակցում Հայաստանի մարզիկներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ /: Հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Արմեն Նազարյանը և մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը կմասնակցեն նաև միջոցառման վերջին օրերին կայանալիք մարզչական – մրցավարական սեմինարին:

Հունվարի 16 –ին մերոնք կվերադառնան Երևան և հավաքականի ամբողջական կազմի հետ պարապմունքները կշարունակեն Օլիմպավանում: Նշած առաջատար երկու ձյուդոիստները այնուհետև կմեկնեն Իսրայել` մասնակցելու հունվարի 24 – 26 –ը կայանալիք միջազգային վարկանիշային խոշոր մրցաշարին: Տղաներն այնուհետև իրենց ունակությունները կդրսևորեն Ֆրանսիայում փետրվարի 9 - ին մեկնարկելիք << Մեծ սաղավարտի >> միջազգային ստուգատեսին, որը նույնպես վարկանիշային է:

Տարեսկզբից ակտիվորեն մարզվում են նաև երկրի պատանեկան և երիտասարդական թիմերը:Նրանք հանդես կգան  հունվարի 26 –ին մեկնարկող ՀՀ առաջնություններում: Աչքի ընկածներով կկազմավորվեն հավաքականները: Ավագ մարզիչ, դարձյալ մոտ անցյալի անվանի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը և նրա երկու օգնականները  նպատակային ծրագրով կշարունակեն բարելավել  սաների ընդհանուր պատրաստականությունը: Նպատակն է  հնարավորինս լավ մարզավիճակով մեկնել Թբիլիսի և համատեղ պարապմունքներ անցկացնել / փետրվարի 4 – 16 –ը / վրաստանցի հասակակիցների հետ:  

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

Այլ նորություններ