Ծանրորդների համար մրցաշրջանը չի ավարտվել

10:50 - 19 Նոյ, 2018

Ավարտվող մրցաշրջանը հիանալի մրցելույթներով նշանավորեցին Հայաստանի ծանրամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները: Նրանք մեդալների առատ հունձք կատարեցին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և ամառային պատանեկան օլիմպիական խաղերում:

-         Ծանրորդներիս համար մրցաշրջանը կավարտվի դեկտեմբերի 21 –ին ` Դոհայում: Այնտեղ կայանալու է  << Քաթարի գավաթ >> անվանումով միջազգային  ավանդական  խոշոր մրցաշարը: Հաջողակներին կշնորհվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ, - զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: - Այնտեղ մեր երկրից հանդես կգա միայն Եվրոպայի այս տարվա չեմպիոն և ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը: Ուզում ենք, որ նա հարստացնի իր վարկանիշային միավորների քանակը և մարզական տարին փակի հաջողությամբ: Այլապես մարզումներում թափած  քրտինքի համար նա  լիովին վարձահատույց չի լինի:

-         Ուզում ենք լսել գլխավոր մարզչի խոսքը հերթափոխի մասին :

-         4  - 5 տարի է, որ ղեկավարում եմ հավաքականը և այս ամբողջ ընթացքում երկրի գլխավոր թիմի ուսումնամարզական մեկ, երկու ,երբեմն` երեք հավաքներում  << գլխավոր հրետանու >> անդամների հետ մարզում ենք նաև 17-20 տարեկան շնորհալիների: Առանց հուսալի հերթափոխի անիմաստ կլինի խոսել հետագա հաջողությունների մասին: Կարծում եմ պատասխանս բացեց նաև  տարիքային տարբեր խմբերի մեր հավաքականների հաջողությունների գաղտնիքը:

Հայաստանում ծանրամարտի խմբեր են գործում Երևանի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի,Շիրակի ,Լոռու ,Սյունիքի,Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի բնակավայրերում:

Խոստովանեմ, որ մեր հաջողությունները նվազ կլինեն, եթե չունենանք ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի նման   << թև ու թիկունք >>:

 

 ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ