Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո այսօր կայացավ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված բազկամարտի Հայաստանի առաջնությունը։ Աջ եւ ձախ ձեռքով իրենց բազկի ուժը չափեցին շուրջ 400 մարզիկներ, այդ թվում գեղեցիկ սեռի 10 ներկայացուցիչներ եւ սահմանափակ կարողություններով շուրջ 30 անձիք։
Աշոտ Սարգսյանը եղել է ՀԱՕԿ նախագահի մարզիչն ու ֆեդերացիայի հիմնադիր նախագահը, եւ մարզիչ-մանկավարժի հիշատակին նվիրված առաջնությունը հովանավորելը եւ անցկացնելը Գագիկ Ծառուկյանն ավանդույթ է դարձրել 2004 թվականից ու միշտ անձամբ է ներկա լինում։ Այս անգամ էլ ՀԱՕԿ նախագահը դահլիճում էր:
Գագիկ Ծառուկյանը հետեւեց պայքարի ընթացքին, մոտեցավ մասնակիցներին, զրուցեց նրանց հետ, սահմանափակ կարողություններով մասնակիցներից հետաքրքրվեց նրանց մարզումային պայմաններով, կենսական խնդիրներով եւ բոլոր հարցերին հենց տեղում լուծումներ տվեց:
Առաջնությունն արդեն ավարտվում էր, երբ Գագիկ Ծառուկյանն առաջարկեց կազմակերպել նաեւ աջ ձեռքով բացարձակ առաջնություն, որին ըստ ցանկության մասնակցեցին ըստ քաշային կարգերի չեմպիոնական տիտղոս նվաճած բազկամարտիկները: Գրանցվեց վեց հոգի եւ չեմպիոնների պայքարում հաղթող դարձավ Կոտայքի մարզը ներկայացնող 70 կգ քաշային, 2016 թվականի աշխարհի չեմպիոն եւ այս տարվա արծաթե մեդալակիր Էմիլ Ամիրշադյանը:
Բազկամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվեցին Գագիկ Ծառուկյանի սահմանած մեդալներով, գավաթներով, դիպլոմներով եւ դրամական խոշոր մրցանակներով: