Հայաստանում աստիճանաբար ընդլայնվում է կանանց բռնցքամարտի աշխարհագրությունը: Մեզանում կաշվե ձեռնոց է հագնում գրեթե 40 մարզուհի: Նրանք ներկայացնում են Երևան, Գյումրի, Սևան, Մարտունի, Էջմիածին, Արմավիր քաղաքները և այլուր:
Շնորհալիներով համալրվում է նաև երկրի կանանց հավաքականը: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ապրիլի 2 – 15 –ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորում:
-Նրանք սիրում են ընտրած մարզաձևը, պարտաճանաչ են, անտրտունջ տանում են մարզումների ծանրաբեռնվածությունը, - զրույցի ժամանակ ասաց մարզիչը: - Հաճելիորեն զարմացա, որ իմ նազելիները , կարելի է ասել` մեկ շնչով հաղթահարեցին Թեղենիսի գագաթը: Վերադառնալով Ծաղկաձորից, պարապմունքերը շարունակում ենք մայրաքաղաքի Օլիմպավանում, իսկ մայիսի 6 –ին թիմը կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Մեր երկիրը կունենա չորս պատվիրակ: Անուշ Գրիգորյանը / 50 կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /փորձառուներ են , մասնակցել են Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, մ իջազգային մրցաշարերի, դրանցում մեդալներ են նվաճել: Թերևս միայն Գայանե Տեր – Բարսեղյանն է առաջին քայլը կատարելու նման խոշոր մրցաշարում: 48 կգ քաշային կարգը ներկայացնող այդ մարզուհին օժտված է կամային բարձր որակներով, մարտունակ է, համարձակ, գրոհել սիրող աղջիկ է և այս ամենը հույս է ներշնչում, որ նա նույնպես ջանք չի խնայի հաղթանակ տոնելու համար: Նշածս քառյակի ընդհանուր պատրաստականությունը գոհացնում է, թեև ամեն բան ցույց կտա ռինգը:
Հավելեմ, որ թիմի հետ կլինեն նաև մարզիչ, էջմիածինցի Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը :