Հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսի Հուլիսի 9 անվանումով կենտրոնական փողոցում տեղի ունեցավ երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ավելի քան 200 000 մարդ էր հետևում բեմահարթակ բարձրացած դրոշակակիրների խմբին /մեր թիմի դրոշակակիրն էր լողորդ Արթուր Բարսեղյանը/ և մարզիկների քայլերթին: Տոնական տրամադրությունը թևածել էր ամբողջ քաղաքում և այդ ուրախությունը վարակել էր ողջ բնակչությանը: Կազմակերպական աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան երկու հազար աշխատողներ:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ողջունեց պատանի մարզիկներին: Նա իր խոսքում ասաց, որ մասնակիցներից յուրաքանչյուրը մրցել է, մարզվել, սիրում է իր ընտրած մարզաձևը և արժանի է մասնակցելու օլիմպիական խաղերին: Մասնակիցները եկել են աշխարհի տարբեր անկյուններից, ունեն տարբեր մշակույթներ, սակայն նրանց միավորել են օլիմպիական արժեքներն ու բարեկամությունը:
Օլիմպիական ջահը վառելու պատիվը տրված էր Արգենտինայի սպորտի լեգենդներ, մականորդ Պեդրո Իբարային և առագաստանավորդուհի Սեսիլիա Կարանցային:
Պատանեկան օլիմպիական ամառային երրորդ խաղերի պաշտոնական բացումը հայտարարեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին:
Մրցասպարեզներում հանդես կգան 206 երկրների 4012 մարզիկ–մարզուհիներ:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 7-ին տրվեցին առաջին մեկնարկները: Հայաստանի երկու պատվիրակներ մտան ասպարեզ: Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը և հրաձիգ Հայկ Բաբայանը չհաղթահարեցին նախնական փուլերի արգելքները և եզրափակիչ չմտան: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի մարզիկները ազատ են մրցումներից:
Խաղերը կավարտվեն հոկտեմբերի 18-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին