Կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը

17:08 - 17 Նոյ, 2015

«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում նոյեմբերի 16-17 կայացավ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջին հուշամրցաշարը, որը կազմակերպվել էր Հարություն Խաչատրյանի սաների կողմից:

Մրցումային երկու օրերի ընթացքում պատանի ըմբիշները պայքարեցին լավագույնի կոչման համար: Ոսկե մեդալակիրներ դարձան` Ռոբերտ Կարապետյանը (42 կգ), Աշոտ Մխիթարյանը (46 կգ), Հովհաննես Ազատյանը (50 կգ), Աշոտ Կիրակոսյանը (54 կգ), Տիգրան Մինասյանը (58 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) և Կարապետ Այվազյանը (100կգ):

Հարություն Խաչատրյանը մարզել է շատ հայտնի և անվանի ըմբիշների: Նրանց թվում կան Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ:

Բարսելոնայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը այսպես հիշեց ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանին.

«Նա շատ բարի մարդ էր, դրական էմոցիաներով լի: Մարզիչ լինելուց բացի, նա հոր պես էր ինձ համար»:

Իսկ աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանն ասաց.

«Երբ հիշում եմ Հարություն Խաչատրյանին, նրա հետ միասին հիշում եմ նաև մարզիչ Ալբերտ Մնացականյանին: Նրանք անբաժան ընկերներ էին: Հարություն Խաչատրյանիը հսկայական հետք է թողել Հայաստանի ըմբշամարտի զարգացման մեջ: Նա հատուկ ձեռագիր ուներ, աշխատելու ուրույն ոճ: Եվ այդ ոճը մեր` դինամոյական ըմբիշներիս, միջոցով դուրս եկավ նաև Հայաստանի սահմաններից դուրս»:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը նշեց.

«Այս մրցաշարը կազմակերպելու միտքը եղել է ընկեր Հարություն Խաչատրյանի սաներինը: Հավաքվել ենք իր աշակերտներով և որոշել ի հիշատակ մեր սիրելի մարզիչի կազմակերպել այն: Հույս ունենք, որ հետագայում այս մրցաշարը կդառնա միջազգային և լայն տարածում կստանա»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ասաց ըմբիշը:

Հուշամրցաշարին մասնակցում էր ավելի քան 230 պատանի ըմբիշ: Մարզիկները ստացել են պատվոգրեր և մեդալներ: Մրցաշարի լավագույն ըմբիշ ճանաչված Մալխաս Ամոյանը կազմակերպիչների կողմից արժանացել է  դրամական պարգևի: Խրախուսվել է նաև 58 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր Տիգրան Մինասյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ