Հունահռոմեական ոճի ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր ստուգատեսը հանդիսանում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունը: Մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին: Այդ մրցաշարին մեր երկրի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստվել մայիս ամսին անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո: Ուսումնամարզական հավաքներ են անցկացվել Ծաղկաձորում, Ալուշտայում, Երևանում: Սեպտեմբերի 23-ին թիմը մեկնեց Ստայկի: Այնտեղ տղաները համատեղ մարզումներ են անցկացնում Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ: Այդ հավաքից հետո մարզիկները կվերադառնան և նախապատրաստությունը կշարունակեն մայրաքաղաքի Օլիմպավանում: Դրան կհաջորդի աշխարհի առաջնությունը:
Հավաքականի կազմը մարզչական խորհուրդը կհրապարակի բուդապեշտյան ստուգատեսի նախօրերին:
ՀԱՕԿ լրատվական բաժին