ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երկօրյա այցով Երևան էին ժամանել Գերմանիայի ATOS հանրահայտ կլինիկաների մի խումբ մասնագետներ: Մայրաքաղաքի Օլիմպավանում քննարկվեցին համագործակցության բազմաթիվ ուղղություններ, մարզիկների բուժման առանձնահատկություններ ու նորարարական մեթոդներ, կանխարգելման պրակտիկա և այլ հարցեր:
Հյուրերը ՀՀ հավաքականների, մարզական տասնյակ կազմակերպությունների բժիշկներին ներկայացրեցին ոլորտի նորությունները, մասնագիտական փորձի փոխանակում կատարեցին: Հետաքրքիր էին Ռայմոնդ Ֆյոլկերի /Մյունխեն /, Սվեն Լիխտենբերգի /Հայդելբերգ /, Դիրկ Տենների /Քյոլն / ելույթները: Նրանք խոսեցին ուսային և արմնկային հոդերի, վնասվածքաբանական վիրաբուժության, վիրահատությունների և սպորտային բժշկության կարևոր այլ խնդիրների մասին:
ATOS –ի առաջին կլինիկան,որը համարվում է բացառապես օրթոպեդիկ հաստատություն, հիմնադրվել է Հայդելբերգում /1991թ./: 2,5 տասնամյակի ընթացքում ATOS-ի ցանցը ընդլայնվել, տարածվել է Գերմանիայում:
Օգտակար այդ հանդիպումը կխթանի մեզանում մարզական բժշկության հետագա զարգացմանը:
ՀԱՕԿ լրատվական բաժին