Հոկտեմբերի 18-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կսկսվի ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցավայր կմեկնի նաև Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչ Հապետնակ Կուրխինյանի ղեկավարությամբ մարզիկները լրջորեն նախապատրաստվում են տարվա գլխավոր ստուգատեսին: Մայիսին անցկացված Եվրոպայի առաջնությունից բացի, տղաները ուսումնամարզական երեք հավաք են անցկացրել Երևանում և երկուական անգամ` Ծաղկաձորում և արտերկրում` Վլադիկավակազում: Այս օրերին ըմբիշները մարզումները շարունակում են մայրաքաղաքի Օլիմպավանում:
Հուսալի ըմբիշներ ունենք,որոնցից մեդալներ ենք ակնկալում: Նշենք փորձառուներ Գրիգոր Գրիգորյանին, Վոլոդյա Ֆրանգուլյանին, Գարիկ Բարսեղյանին, տարիքային տարբեր խմբերում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մյուս մեդալակիրներին,իհարկե նաև աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանին և աշխարհի չեմպիոն ու օլիմպիական մեդալակիր Գեորգի Կետոևին:
Մարզիչները զրույցներում ասում են, որ մեր ազատ ոճայինները դիմացկունությամբ և տեխնիկական պատրաստականությամբ մրցակիցներին չեն զիջում: Թերևս խոցելի են տակտիկական,կամային ու բարոյահոգեբանական հարցերում: Ենթադրվում է թերությունները որոշակիորեն կշտկվեն մինչ բուդապեշտյան մեկնարկը:
ՀԱՕԿ լրատվական բաժին